Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանցակցելու համար մեղադրվող, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը դատապարտվել, ապա համաներմամբ պատժից ազատվել է:
Գուրգեն Սաֆարյան (մեղադրող դատախազ) - Վրեժ Մարկոսյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա 2017 թվականի ապրիլի 10-ին վատնման եղանակով Աղվան Հովսեփյանի դրդմամբ հափշտակել էր Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված` Երևանի Աջափնյակ թաղամասում գտնվող շուրջ 3 հեկտար հողամասը` շուրջ 672 միլիոն դրամ արժողությամբ:
Դատարանի որոշմամբ՝ Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրյալ Աղվան Հովսեփյանի գործից անջատվել էր այս տարվա օգոստոսին:
Գուրգեն Սաֆարյան - 2022 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Վրեժ Մարկոսյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել Մարկոսյանի նկատմամբ համաձայնեցման վարույթ կիրառելու վերաբերյալ: Դատարանը, պարզելով, որ առկա են քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հիմքերը և խոչընդոտող հանգամանք չկա, բավարարել էր այդ միջնորդությունը:
Սաֆարյանի խոսքով՝ այդ ընթացքում գլխավոր դատախազությունում ստացվել էր նաև տուժող Վարշամ Ղարիբյանի դիմումն այն մասին, որ ինքը չի առարկում համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ: Այս վարույթը կիրառվում է այն դեպքում, եթե ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչում:
Գուրգեն Սաֆարյան - Վրեժ Մարկոսյանը ընդունել էր և հայտնել էր, որ լիովին մեղավոր է ճանաչում ներկայացրած մեղադրանքում, որը և դատարանը, ինչպես նշեցի, հիմք էր ընդունել:
Այդ պայմաններում սեպտեմբերի 30-ին բանակցություններ են սկսվել մեղադրող դատախազի, ամբաստանյալի և նրա պաշտպանի մասնակցութամբ: Արդյունքում՝ կողմերը համաձայնել են Մարկոսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս ժամկետով և կիրառելով համաներման ակտը` նրան պատժից ազատել: Համաձայնեցման վարույթի կիրառման դեպքում առավելագույն պատիժը չի կարող գերազանցել հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի՝ 8 տարի ժամկետով ազատազրկման 2/3-րդը, որը տվյալ դեպքում կազմում է 5 տարի 4 ամիսը:
Գուրգեն Սաֆարյան - Դատարանը, հիմք ընդունելով օրենքի նաև մյուս պայմանները, այսօր` հոկտեմբերի 3-ին հրապարակեց դատավճիռը, համաձայն որի` Վրեժ Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ կիրառվել է համաներման մասին օրենքը, որի ուժով նա ազատվել է պատժից:
Նախաքննության սկզբում Մարկոսյանը մեղադրանքի վերաբերյալ որևէ դիրքորոշում չէր հայտնել, ավելին՝ հրաժարվել էր ցուցմունք տալ, թե ինչու է Մարկոսյանը դատաքննության փուլում մտափոխվել` ճշտել չհաջողվեց, նրա պաշտպանը չցանկացավ պատասխանել հարցերին: Ինչ վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա Աղվան Հովսեփյանի գործին, ապա այն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Նիստի օրը նշանակված չէ:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան