ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուսով է մոտ ժամանակներս նոր շփումներ ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Ինչպես հիշում եք, ԱՄՆ պետքարտուղարն օրերս զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, և կարելի է ակնկալել, որ շուտով նորից նման հնարավորություն կստեղծվի»,- ասել է նա:
Պետքարտուղար Բլինքենը, իր հերթին, թվիթերյան գրառմամբ ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը, նշել` շարունակելու են աշխատել կողմերի հետ՝ այն ամրապնդելու համար։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն»,- գրել է նա։