2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու համար դատարան ուղարկված գործերի թիվը նախորդ տարվա համեմատ էապես աճել է: Եթե 2021 թվականի ընթացքում հարուցվել է 14 քրեական գործ, դատարան ուղարկվել` 1-ը, ապա 2022 թվականի միայն առաջին կիսամյակում հարուցվել է 7 քրեական գործ, դատարան ուղարկվել` 4-ը:
Դատարանում են Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի, նրան փոխկապակցված անձի, Սյունիքի նախկին փոխմարզպետի վերաբերյալ գործերը: Իսկ Արարատի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Արսեն Մարտիրոսյան (դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ) - Վերջինս դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան մեկ տարի ժամկետով, բայց միաժամանակ նաև նրա նկատմամբ նշանակվել է լրացուցիչ պատիժ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում:
Դատարանում նորից կքննվի Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործը, որը 2021-ին դատարանի որոշմամբ կարճվել էր:
Արսեն Մարտիրոսյան - Դատախազի կողմից այդ դատական ակտի` անօրինական, անհիմն լինելու հիմքով ներկայացվել էր վերաքննիչ բողոք, Վերաքննիչ դատարանը բավարարել է մեր բողոքը և գտել է` դատարանի հետևությունները, որ առկա է իրադրության փոփոխություն, հիմնավորված չեն, և բեկանել է կայացված դատական ակտը, ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործերին, ապա մեղադրյալ են մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբայր, նախկին դեսպան Լևոն Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Արսեն Մարտիրոսյան - Փաստացի կալանքի տակ գտնվող անձ՝ այս հանցակազմերով մեղադրվող այս պահին չունենք:
2022-ի առաջին կիսամյակում դատարան ուղարկված գործերի թիվը վկայում է, որ այս հանցակազմի դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացել է՝ նշում է Արսեն Մարտիրոսյանը: Ինչպես նախորդ, այնպես էլ 2022 թվականին հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր «Քրեական օրենսգիրքը» տուգանքից մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսում դիտավորյալ հայտարարագիր չներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Ընդ որում՝ եթե նախկինում դրանք նախատեսված էին առանձին հանցակազմերով, նոր «Քրեական օրենսգրքով» այս երկու արարքները միավորվել են:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան