Ֆրանսիայի թանգարանային ոլորտի մասնագետները, այդ թվում՝ Լուվրի ներկայացուցիչը, Հայաստանում են: Մեր երկրում Ֆրանսիայի դեսպանությունն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում են նոր ծրագիր, որը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը:
Անն Լույո (Հայաստանում Ֆրանսիայի դեսպան) - Ծրագիրը Երկկողմանի գործակցության առաջնահերթություններից է: Այս թեման ուղղակիորեն արծարծվել է Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև մոտ 1.5 տարի առաջ, և ծրագիրը պաշտոնապես բացվում է այսօր:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց՝ Հայկական բազմադարյա հարուստ ժառանգության պահպանությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Դրա կարևորությունն ավելի ընդգծվեց 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Այս ծրագիրը ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակ է, որը մեկ հարթակում միավորում է Ֆրանսիայի և Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպությունների մշակութային ժառանգության պահպանության գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու համար՝ մատնանշելով համընդհանուր պատասխանատվություն ժառանգության հանդեպ՝ անկախ քաղաքական և աշխարհաքաղաքական պրոցեսներից և դիրքորոշումներից:
Ֆրանսիացի մասնագետները հուլիսի 12-14-ը Մատենադարանում կանցկացնեն եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝ մշակութային արժեքների պաշտպանության թեմայով: Միջոցառմանը կմասնակցեն մշակութային կառույցների տնօրեններ, ֆոնդապահներ, վերականգնողներ, հետազոտողներ, ուսանողներ, նաև մշակութային, պաշտպանական և արտակարգ իրավիճակների գերատեսչությունների աշխատակիցներ ու իրավաբաններ:
Մասնագետների հմտությունների զարգացումից հետո նախագծի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է վերականգնել Տաթևի մեծ անապատ վանքային համալիրը:
Խաչիկ Հարությունյան (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն) - Այս պահին դեռևս հետազոտական փուլ է ընթանում. փաստաթղթավորման, արխիվային փաստաթղթերի, նյութերի հավաքման ընթացքի մեջ ենք:
Երրորդ բաղադրիչը վերաբերում է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության վերակազմակերպմանը, արդիականացմանը և միտված է հավաքածուների արժևորմանը: Աշխատանքն իրականացվելու է Լուվրի թանգարանի հետ:
Արիան Թոմա («Լուվրի» թանգարանի արևելյան հնությունների դեպարտամենտի ղեկավար) - Մեր հայ գործընկերներն արդեն մեծ մասամբ մշակել են ծրագիրը: Մենք շատ ուրախ կլինենք մասնակցելու Էրեբունի թանգարանի վերածննդին:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - Հայաստանում, ցավոք, շատ չեն թանգարանների ցուցադրություններով զբաղվող մասնագետները, և այս առումով մեր գործընկերների օժանդակությունն ուղղակի անգնահատելի է լինելու: Պետք է փոխենք էրեբունու նկատմամբ ընկալումը, 1983 թվականից էրեբունիում ցուցադրությունը գրեթե չի փոխվել: Մենք խոսում ենք Ուրարտու-Արարատի թագարավորությունից. այսօր Ուրարտուն լինելու է նրանը, ցավոք, ով տեր է կանգնելու ուրարտական ժառանգությանը: Սա ուրարտական ժառանգությանը տեր լինելու կարևորագույն մի գործընթաց է, մի քայլ է:
«Հայաստան. Կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» խորագրով ծրագիրը շարունակվելու է մինչև 2023 թվականի դեկտեմբեր: 600 հազար եվրոյի ծրագիրը ֆինանսավորում է ֆրանսիական Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամը:
Ֆրանսիացի լրագրողը դեսպանից հետաքրքրվեց, թե որն է Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղում վտանգված մշակութային ժառանգության վերաբերյալ:
Անն Լույոն ասաց՝ Ֆրանսիան կարծում է՝ անհրաժեշտ է զբաղվել Ղարաբաղում գտնվող ժառանգության հարցով, և դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասությունն է: Հույս հայտնեց, որ պայմաններ ստեղծելու ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերը արդյունք կտան, և կառույցը կկարողանա իրականացնել առաքելությունը:
Նախարար Դումանյանն էլ, հավելելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անում է իրենից կախված ամեն ինչ, որ հանձնախումբը կարողանա մտնել տվյալ տարածքներ և գնահատել հուշարձանների հետ կապված իրավիճակը, ընդգծեց՝ ամեն դեպքում պատմությունը փոխել հնարավոր չէ, եթե անգամ ոչնչացվեն հուշարձաններ:
Հեղինակ` Աննա Զախարյան