Գործարար Սիլվա Համբարձումյանի բանկային հաշվի քաղվածքներից մինչև Սեդրակ Քոչարյանի՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավում. Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հետազոտվեցին գործում առկա ապացույցները:
Ըստ մեղադրանքի՝ 2008-ին Սիլվա Համբարձումյանը հանք շահագործելու նպատակով ուսումնասիրման հատուկ լիցենզիաներ ստանալու և իրեն պատկանող ընկերության վաճառքին չխոչընդոտելու համար նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջնորդությամբ դիմել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլ պաշտոնատար անձանց, կաշառք է առաջարկել ու Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով 3 միլիոն դոլարը մաս-մաս փոխանցել: Նույն գործարքի շրջանակում, ըստ մեղադրանքի, կաշառք է ստացել նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Պետրոս Պետրոսյան (մեղադրող դատախազ) - Ըստ Կենտրոնական բանկ ներկայացված և 2018-ին առգրավված Local Developers ընկերության գործարքները պարունակող հաշվի քաղվածքի՝ հիշյալ ընկերության հաշվին 2008 թվականի ապրիլի 14-ին, 16-ին, մայիսի 5-ին և 26-ին Սիլվա Համբարձումյանի կողմից կատարվել է մեկական փոխանցում. յուրաքանչյուր անգամ փոխանցվել է 500 հազար ԱՄՆ դոլար:
Ըստ արձանագրության՝ նշված փոխանցումների վերաբերյալ Սիլվա Համբարձումյանն առգրավման է ներկայացրել 2008 թվականին իր փոխանցումների վճարային հանձնարարագրերը:
Նշված հանձնարարագրերում կատարված գրառումների համաձայն՝ շահառուն հանդիսացել է Local Developers ընկերությունը:
Ըստ գործի նյութերի՝ այդ ընկերությունը պատկանում է այս գործով անցնող գործարար Սամվել Մայրապետյանին: Սիլվա Համբարձումյանից առգրավվել է նաև Մայրապետյանի կողմից իրեն տրամադրված Local Developers ընկերության բանկային հաշվի տվյալները պարունակող թերթիկը: Բացի այդ, Համբարձումյանից առգրավել են Մայրապետյանի ընկերության բանկային հաշվին կատարված դրամական փոխանցումների վճարային հանձնարարագրերը: Կենտրոնական բանկից առգրավել են նաև բանկային գաղտնիք կազմող մի շարք տեղեկություններ Արմեն Գևորգյանի, նրա հետ փոխկապակցված ընկերությունների, Սեդրակ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի վերաբերյալ:
Ըստ պաշտպանական կողմի՝ հրապարակված բոլոր նյութերն անթույլատրելի են, և բոլոր առգրավումները կատարվել են օրենքի խախտմամբ, որի վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ: Այնուհետև դատարանը քննարկեց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունները: Դրանցից մեկով պաշտպանը խնդրեց թույլատրել Գևորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը մեկնել Ստրասբուրգ, որտեղ նա պետք է մասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։
Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց միջնորդությունը՝ թույլատրելով Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ: Պաշտպանի մյուս միջնորդությունն էլ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն էր վերաբերում:
Լուսինե Սահակյան (Արմեն Գևորգյանի պաշտպան) - Արմեն Գևորգյանը, հանդիսանալով ԵԽԽՎ անդամ, օժտված է անձեռնմխելիությամբ և չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, բացի այդ, ԵԽՎՎ-ն որոշում չի կայացրել Գևորգյանի անձեռնմխելիությունը հանելու վերաբերյալ:
Իսկ եթե դատարանը այդպիսի որոշում չկայացնի, պաշտպանը խնդրում է քրեական գործից անջատել Գևորգյանին վերաբերող մասը և քրեական գործով վարույթը կասեցնել մինչև Գևորգյանի՝ ԵԽԽՎ անդամի լիազորությունների դադարեցումը: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդությունն անհիմն որակեց և խնդրեց դատարանին մերժել այն: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի հունիսի 15-ին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան