Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են առիթ հանդիսանալ Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ընդհուպ լիազորությունների դադարեցման: Կառավարության առաջարկությամբ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Մինչ փոփոխություններին անդրադառնալը արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշեց՝ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում է միջազգային դատարանի որոշմամբ բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք՝ հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները: Նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին, ինչից հետո այն էականորեն լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Հստակեցվել է, որ այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը հայտնաբերվել է, օրինակ, ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում, ապա այդ հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո 1 տարվա ժամկետում: Նախատեսվել է նաև, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե, օրինակ, ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:
Սա նշանակում է, որ եթե նախագիծն այս տարբերակով ընդունվի, ապա ուսումնասիրությունները հետ կգնան մինչև 2007 թ. կայացված ՄԻԵԴ-ի վճիռներ: Ինչն իր հերթին նշանակում է, որ, ըստ էության` քննության առարկա կդառնան 2002 թվականից հետո այն դատավճիռները, որոնք հետագայում բողոքարկվել են ՄԻԵԴ-ում, ու վճիռներ են կայացվել: ՄԻԵԴ-ի առաջին դատավճիռներն ընդդեմ Հայաստանի սկսվել են 2007 թվականից:
Գրիգոր Մինասյան - Ընդ որում՝ նախատեսվել է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ակտերով բացահայտված խախտման հիման վրա դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի կարծիքով՝ այս նախագծով ակնկալվում է դատական իշխանության որակի բարձրացում:
Արթուր Դավթյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Այսինքն՝ դատավորները իրենց դատական ակտերը կայացնելիս ավելի աչալուրջ պետք է լինեն, որ հանկարծ այնպիսի կոպիտ խախտումներ չանեն, նամանավանդ՝ դատավարական, որը հետագայում կարող է դառնալ դատավորների պաշտոնից ազատման հարց:
Ամեն դեպքում, ըստ պատգամավորների, առաջարկվող փոփոխություններում կան խնդրահարույց կետեր: Քննարկումների արդյունքում Գրիգոր Մինասյանն առաջարկեց հանել մեկ տարվա սահմանափակումը, նշեց` ուսումնասիրության առարկա կդառնան Հայաստանի դեմ 15 տարի առաջ կայացված ՄԻԵԴ-ի բոլոր վճիռները:
Չնայած հանձնաժողովն օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն, բայց հանձնաժողովականները տարբեր առաջարկներ ներկայացրին, որոնց անդրադառնալու են երկրորդ ընթերցման ժամանակ: Ի դեպ, մինչև այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ կայացրել է 164 վճիռ:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան