Եթե ամպրոպն ուժգին լինի, հնարավոր է՝ ինքնաթիռներն օդ չբարձրանան: Հենց այստեղից՝ Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոնից, 24-ժամյա ռեժիմով դիտարկվում և տարածվում է տեղեկությունը եղանակի մասին:
Արփենի Վարդանյան (ՀՀ ՇՄՆ «Զվարթնոց» ԱՕԿ դիտարկումների բաժնի պետ) - Դիտարկումները կատարվում են ժամը մեկ, չափում ենք ջերմաստիճանի, քամու, ճնշման, կազմում ենք նաև հեռագրեր, որոնք գնում են նաև հիդրոմետ վարչություն:
Ավելի քան 3 տասնամյակ է, ինչ Արփենի Վարդանյանը այս կենտրոնից եղանակի մասին դիտարկումներ է անում: Ասում է՝ նույնիսկ անզեն աչքով կարող է ասել՝ երբ ինչ եղանակ սպասել:
Արփենի Վարդանյան - Գարնանը ամպրոպներ, հեղեղներ են շատ դիտվում, ամռանը սկսվում են լեռնահովտային քամիները:
Վերջին տարիներին ձյան ծածկույթը քչացել է՝ ասում է դիտարկումների բաժնի պետը: Եթե 30 մետր ուղղահայաց և 350 մետր հորիզոնական տեսանելիությունը ցածր լինի, ինքնաթիռները չեն կարող վայրեջք կատարել: Հիշում է՝ եղել է դեպք, երբ «Զվարթնոց» օդանավակայանում տեսանելիությունը շատ ցածր է եղել, և բոլոր ինքնաթիռները մոտ երկու ամիս վայրեջք էին կատարում միայն Գյումրիի օդանավակայանում:
Դիտարկումների կենտրոնից տվյալները փոխանցվում են կանխատեսումների կենտրոն, որտեղից հաղորդվում է օդանավակայանի կարգավարներին: Այստեղ կանխատեսում են ոչ միայն Զվարթնոցի, Շիրակի և Կապանի օդանավակայանների, նաև Հայաստանի ամբողջ օդային տարածքի հիդրո-օդերևութաբանական երևույթները: Սպասվող եղանակի մասին տեղեկությունները հաղորդվում են նաև դեպի Երևան թռիչք իրականացնող միջազգային օդանավակայաններին:
Արմենուհի Հարությունյան (ՀՀ ՇՄՆ «Զվարթնոց» ԱՕԿ կանխատեսումների բաժնի պետ) - Կազմվում է սիգմետ տեղեկատվություն, ամպրոպի թափահարման, սառցակալման, կարկուտի:
Հայաստանը գտնվում է բարձրլեռնային գոտում, և շատ դժվար է եղանակի մասին երկարաժամկետ կանխատեսում անել՝ ասում է Արմենուհի Հարությունյանը: Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով:
Արմենուհի Հարությունյան - Թռիչք առանց մեր կանխատեսման՝ երկու ժամից ավել հնարավոր չէ: Շատ լավ սարքավորումներով է ապահովված, վերջին տարիներին շատ լավ նոր թարմացումներ, ծրագրեր, որոնք շատ են օգնում կանխատեսումներ կազմելու, առաջներում չի եղել:
Ժամանակակից տեղորոշիչ սարքը թույլ է տալիս 150 կիլոմետր շառավղով դիտարկել փաստացի եղանակը: Կենտրոնը միակն է և առանցքային դեր ունի մեր երկրի ավիացիոն անվտանգության ապահովման գործում: Անխափան գործունեության համար անհրաժեշտություն էր օր առաջ վերազինվելը՝ ասում է կենտրոնի տնօրենը: Խորհրդային սարքավորումների մասին այստեղ հիշեցնում են միայն արխիվային նկարները:
Թաթուլ Հայրապետյան (ՀՀ ՇՄՆ «Զվարթնոց» ԱՕԿ տնօրեն) - 60-70-ական գծային կապից անցում ենք կատարել օպտիկամանրաթելային կապուղուն, ներդրվել են պահուստային ինտերնետ, էլեկտրամատակարարման, եղանակի տվյալների համակարգեր: Վերջին 15 տարիների ընդհանուր ներդրումների հանրագումարին գերազանցում է մեր կատարած էս վերջին 3 տարիների ներդրումների ծավալը:
Նոր կայան է տեղադրվել նաև Կապանի օդանավակայանում, իսկ Շիրակի օդանավակայանում տեղադրված գերժամանակակից կայանը տարածաշրջանում միակն է:
Թաթուլ Հայրապետյան - Պլանավորում ենք Շիրակում նոր դիտարկման շենք կառուցել՝ միջազգային պահանջներին համապատասխան:
Ձեռք կբերեն նաև ռադիոտեղորոշիչ նոր կայան: Բարելավել են նաև աշխատանքային պայմանները: Մոտ 40 տոկոսով բարձրացել է անձնակազմի աշխատավարձը, ավելացել են վերապատրաստման ծրագրերը: Սեփական միջոցների հաշվին գործող պետական ընկերությունն էլ սկսել է շահույթ ստանալ:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան