8-ամյա Հարութը, որ ծնվել ու ապրում է Միացյալ Նահանգներում, փորձում է մտաբերել սովորած հայերեն բանաստեղծությունները, բայց տեսախցիկի պատճառով դրանք թռել են մտքից:
Հայաստանում ապրող ուսուցիչը տղայի հետ հեռավար հայերեն է պարապում: Հարութն ասում է՝ արդեն շատ բան է սովորել՝ գրել, կարդալ, նաև բանաստեղծություններ:
«Դասա2» հարթակը միավորում է Հայաստանում ապրող շուրջ 300 ուսուցչի և 3 հազարից ավելի սովորողների՝ աշխարհի բազմաթիվ երկրներից, որոնք առցանց սովորում են տարբեր առարկաներ՝ հայերեն, մաթեմատիկա, օտար լեզուներ, նույնիսկ՝ նվագել: Տարիներ առաջ ԱՄՆ-ում բնակություն հաստատած Սամվել Հովհաննիսյանը սկզբում իր երեխաների համար է որոշել օնլայն դասեր ապահովել, հետո հետաքրքրվողների շրջանակը աստիճանաբար այնքան է մեծացել, որ ստեղծվել է «Դասա2» հարթակը:
Սամվել Հովհաննիսյան («Դասա2» հարթակի հիմնադիր) - Մեր սկզբունքն է, որ ուսուցիչը պիտի անպայման բնակվի Հայաստանում: Մենք չենք ընդունում մեր հարթակ որևէ այլ երկրից: Այսինքն՝ դա անում ենք նրա համար, որ ուզում ենք` ամբողջ գումարը, որ հայթայթում է մեր հարթակը, գա Հայաստան, դրանով ուժեղացնի մեր տնտեսությունը:
Աշակերտների առումով արդեն 5-7 տոկոսը արտասահմանցիներ են, ոչ հայեր: Հենց երեկ մի տղա գրանցվեց Լուիզ անունով, մեքսիկացի, որ ասում է՝ ես Լոս Անջելեսում եմ ապրում, շեֆս հայ է, ուզում եմ հայերեն սովորեմ: Կամ մեր էջում կա, օրինակ մի ճապոնացի տղա, որ մի անգամ այցելել է Արցախ, սիրահարվել է Հայաստանին և հիմա մաքուր խոսում է: Մեր ճապոներենի ուսուցչուհի Իրինան իրեն սովորեցնում է հայերեն:
Մինչև այժմ միմյանց միայն հեռակա ճանաչող ուսուցիչները իրական կյանքում ծանոթացան Երևանում կազմակերպված մշակութային երեկոյի ժամանակ: Այդ հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում գտնվող մի քանի սովորողներ և նրանց ծնողները:
Ալիսա Աբրահամյան (դասավանդող) - Միշտ ինձ անհանգստացրել է օտար երկրներում ապրող հայ ընտանիքներում մեծացող երեխաների ճակատագիրը, որպեսզի իրենք չուծացվեն ուրիշ ազգերի հետ, չձուլվեն: Էս հարցը ինձ միշտ անհանգստացրել է, ու երբ որ տեսա՝ կա հնարավորություն, որտեղ ես էլ կարող եմ իմ հնարավորության չափով օգտակար լինել, փորձեցի ինքս էլ մասնակից լինել: Երեխաները, որոնք համարյա ոչինչ չգիտեին Հայաստանի մասին, ովքեր հիմա գալիս են Հայաստան, առաջին բանը, որ ինձ խնդրում են, որ ես իրենց ուղեկցեմ Մատենադարան, և այն ամենը, ինչի մասի պատմել եմ, իրենց ուղղակի ցույց տամ, ինչն էլ ես մեծ հաճույքով անում եմ:
Տաթևիկ Ենոքյան (դասավանդող) - Այն երեխաները, որոնք դժվարություն են ունենում շփվելու հայերենով, հատկապես` իրենց հայ ընկերների շրջապատում, իրենց մոտ ցանկությունը մեծ է, որպեսզի իրենք էլ գան, սովորեն, և էսպես սկսում են մրցել, թե ով ավելի շատ գիտի, հայերեն բառ գիտի, ոտանավոր գիտի, երգ գիտի: Նույնիսկ տատիկ-պապիկները նստում են, մասնակցում են դասերին, մեկ էլ կողքից հուշում են: Կամ ինչ-որ ստեղծագործություն ենք անցնում, որ իրենց ծանոթ է լինում իրենց մանկության տարիներից, գալիս են, իրենք էլ են մասնակցում, էդպես ընտանեկան դաս է ստացվում:
Հարթակի կազմակերպիչների նպատակն է ներգրավել 1000 ուսուցչի, ստեղծել որակավորման կենտրոն և ընդլայնել հնարավորությունները:
Հեղինակ` Աննա Զախարյան