«Զվարթնոց» օդանավակայանում տոնական մթնոլորտ է: Շարժայից ուղղությունը` Երևան, 3 ժամ թռիչք և առաջին՝ մոտ 1900 կմ օդային հեռավորությունն արդեն թիկունքում է. «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավը:
Մուշեղ Ղազարան (օդաչու) - Մենք բոլորս Հայաստանում սպասել ենք այս օրվան, որ ունենանք ազգային, հայկական ավիափոխադրողը:
Չնայած ոչ բոլոր օդաչուներն են հայեր, առաջին թռիչքի ղեկը հայ օդաչուին են վստահել:
Մուշեղ Ղազարան - Շատ ուրախ ենք, որ հայ օդաչուները, որ դուրսն են, գան ու սկսեն աշխատել հայկական ավիաընկերությունում:
Առաջին ուղևորները «Էյր Արաբիա» խմբի պատվիրակության անդամներն են: Ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել ալ Ալին առաջին ուղևորի տոմսն է ցույց տալիս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիահույս է՝ Հայաստանը դառնալու է խաչմերուկ, որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության, և ուր վերադառնում են:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք որոշել ենք չվախենալ առերեսվել բոլոր մարտահրավերներին: Եվ որոշել ենք նաև, որ պիտի ունենանք ավելի ու ավելի և հրաժարվենք կարկատելու տրամաբանությունից: Եթե մենք որևէ գործ ձեռնարկում ենք, պիտի ամեն ինչ անենք՝ դա հնարավորինս պատշաճ, հնարավորինս բարձր մակարդակով անելու համար: Եվ մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ մեր իշխանության տարիներին ավիացիայի ոլորտում պիտի տեղի ունենան էական փոփոխություններ, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները:
«Էյր Արաբիա» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրենը հիշում է վարչապետի հետ առաջին հանդիպումը. խոստումը կատարված է:
Ադել ալ Ալին («Էյր Արաբիա» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն) - Ընդունելության ժամանակ «Էյր Արաբիայի» լուսանկարը ցույց տվեցի վարչապետին, սակայն նա ասաց` ոչ, ես ուզում եմ հայկական ավիաընկերություն: Ուրախ եմ այսօր ասել՝ այն արդեն իրականություն է: Սա հայկական ավիափոխադրող է, և ամեն մի որոշում կայացնելիս մենք ցանկանում ենք համոզված լինել, որ այն հարմար է հայ ժողովրդին և համապատասխանում է Հայաստանի կառավարության քաղաքականությանը և պահանջներին:
ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ՝ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ
Օրը ոչ միայն տոնական է, այլև պատմական՝ ասում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գործադիր տնօրենը: Ուղևորատար առաջին չվերթը կիրականացվի «Զվարթնոցից» դեպի Հուրգադա՝ հուլիսի 3-ին: 4 ուղղություն է նախնական, մոտ ապագայում էլ 4 ուղղությունով չեն սահմանափակվելու, 3-4 շաբաթում նոր ուղղութուններ են լինելու, 2 ուղղություն այսօր կա դեպի Եգիպտոս, Բեյրութ և Քուվեյթ:
Ի դեպ «Էյր Արաբիայի» մոդելը լոուքոսթեր է: Ընկերության պլաններում է միջնաժամկետ ապագայում նաև դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնել:
Դավիթ Փափազյան («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գործադիր տնօրեն) - Վերցրեք Երևանը և 3 ժամ ռադիուս հաշվեք, բոլոր ուղղությունները կարևոր են, մոտ ապագայում կկողմնորոշվենք` Ռուսաստան և ԵՄ թռիչքները երբ են սկսվելու, ժամկետների հարց է, լինելու է, հարց է՝ թե ե՛րբ:
Ինքնաթիռի հնարավորություններին ու պայմաններին ծանոթանում է նաև վարչապետը:
Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը խոստացավ առաջիկա ամիսներին հայերեն ավելի լավ խոսել: Շեշտեց՝ Ֆly Arna-ն այս պահին 63 աշխատակից ունի՝ 85 տոկոսը հայեր, այդ՝ թվում ղեկավար թիմը:
Էնթոնի Փրայս (Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն) - Միակ տիրույթը, որտեղ ոչ միայն հայերի ենք ներգրավել, օդաչուներն ու բորտուղեկցորդներն են, ջանում ենք, որ հայերը ևս կարողանան ներգրավված լինել:
Fly Arna-ի Airbus A320 օդանավը 174 տեղանոց է: Երկու տարվա ընթացքում ակնկալվում է ունենալ 3-5 ինքնաթիռ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան