Մեկ տարի անց՝ ավելի նորարար, ավելի տեխնոլոգիական: Փոստային կապի ազգային օպերատորը տարեդարձը նշում է նոր ձեռքբերումներով: Վերաբրենդավորված բաժանմունքները դարձել են ավելի հարմարավետ ու տեխնիկապես հագեցած, փոստի ստեղծման և ուղարկման գործընթացը թվայնացվել է 88 տոկոսով:
Հայկ Կարապետյան («ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն) - «Հայփոստն» այսօր ունի նոր թվայնացված Քոր համակարգ: Մեկ համակարգ է, որը բոլոր փոստային բաժանմունքները կապել է իրար հետ, մենք այսօր բոլորս գիտենք մեր հաճախորդներին, 750-ի կարգի արդեն իդենտիֆիկացված հաճախորդների բազա է:
Հայկ Կարապետյանի խոսքով՝ մեկ տարում կարողացել են 3 անգամ արագացնել փոստային ծառայությունների մատուցումը:
Հայկ Կարապետյան - Մայիս ամսվանից Երևանում գործում է նույն օրվա առաքումը, եթե դուք մինչև 12-ը բերեք և հանձնեք ձեր առաքանին, ապա նույն օրը, մենք հավաստիացնում ենք, որ կհասցնենք հասցեատիրոջը:
Համաշխարհային փոստային միության աջակցությամբ «ՀայՓոստն» առաջիկայում կվերազինվի նաև եռանիվ նոր էլեկտրական մոտոցիկլերով: Հուլիսին կգործարկվի Էլեկտրոնային իրավահավաստի փոստային ծառայությունը, որը հնարավորություն կտա փոստային նամակները ստանալ անմիջապես բջջային հեռախոսով:
Պետական ծառայությունների միասնական գրասենյակի, այժմ՝ քաղաքացիական կենտրոնների գործառույթները առաջիկայում ամբողջովին պատվիրակվելու են «ՀայՓոստին»:
Հայկ Կարապետյան - Մեկ վայրում հավաքված են լինելու բոլոր տեսակի պետական ծառայությունները` 400-ից ավելի, և ԱՆ-ի հետ մենք սկսում ենք այդ պրոյեկտի իրագործումը:
Ընկերության բարելավված աշխատանքի մասին է խոսում նաև նրանց շփումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ ասում է Գարեգին Բաղրամյանը: Գործունեության գրեթե 2 տասնամյակի ընթացքում ընկերությունը սակագների փոփոխության ոչ մի հայտ չէր ներկայացրել: Այժմ պատկերն այլ է:
Գարեգին Բաղրամյան (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ) - Վերջին երկու տարիների ընթացքում երկու սակագնային հայտ ենք նայել, և դա ես համարում եմ ցուցիչ, որովհետև իրենք, գնահատելով իրենց ընկերության վիճակը, ունենալով նպատակ, տեսնելով, որ անհրաժեշտ է, որ ընկերությունը որոշակի շահույթով աշխատի, ինքնածածկող լինի, ամեն ինչ ձեռնարկում են:
Հեռագրից և նամակագիր փոստից այժմ ամբողջ աշխարհն անցնում է էլեկտրոնային հաղորդակցությանը: Դրան համահունչ՝ զարգացում է ապրում «ՀայՓոստը»՝ ընդգծում է ԱԺ նախագահի տեղակալը:
Ընկերությունը պետական կառավարման հանձնելուց առաջ բոլորը թերահավատ էին, և կարծիքներ էին հնչում, որ կձախողեն, սակայն հիմա արդեն հաջողակ և որոշակի շահույթով աշխատող ընկերության մասին է խոսքը՝ նշում է Հակոբ Արշակյանը:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Ընկերությունը լավ օրինակ է դարձել բիզնեսի վերափոխման առումով:
Իջևանում, Գյումրիում և Վանաձորում փոստային բաժանմունքի նոր մոդել է գործարկվել:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Իրականացված թվայնացման աշխատանքը հնարավորություն է տալիս հետ չմնալ աշխարհում տեղի ունեցող զարգացումներից և համոզմունք հայտնել, որ հանրությունը կընդունի բարեփոխումները, իսկ համակարգն արդյունավետ կկիրառվի:
«ՀայՓոստը» թեև պետական է, սակայն ինքնաֆինանսավորվում է սեփական միջոցների հաշվին: 800-ից ավելի գրասենյակներով և 3000-ից ավելի աշխատակիցներով ծածկում է Հայաստանի փոստային լոգիստիկ ծառայությունների ամբողջ հատվածը:
Հեղինակ` Վրույր Մկրտչյան