Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ աճել է 9.6 տոկոսով:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է՝ վատատեսական կանխատեսումները չեն իրականացել: Մանրամասնում է՝ մարտ ամսին գրանցվել է 6.7% տնտեսական ակտիվության աճ, որը ապահովվել է ծառայությունների (+25.9%), արտաքին առևտրաշրջանառության (+15.6%), շինարարության (+8.2%), էլեկտրաէներգիայի արտադրության (6.8%) և առևտրի (6.6%) աճի հաշվին:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Եթե ոլորտները դիտարկենք, աճ ենք արձանագրել այն ոլորտներում, որոնք 21-ին երեք ամիսների համեմատությամբ որոշակի նվազում ունեին, օրինակ՝ արդյունաբերությունը: Շինարարության մասով, այո՛, կա, առևտրով էլ, բայց առևտրի ոլորտում նախորդ տարի անկում կար:
Տնտեսագետը մանրամասնում է՝ չնայած 2022-ին աճ է գրանցվել 2021-ի նկատմամբ, բայց պետք է հաշվի առնել, որ 2021-ի հունվար-մարտ ամիսներին 2020-ի համեմատ կար անկում, այսինքն՝ այս աճը ավելի շատ վերականգնողական է:
Ճիշտ է` տնտեսությունը որոշակի վերականգնվում է, բայց այն վերականգնումը չէ, որ պետք է ասենք` թոթափում է բոլոր խնդիրները, որ կային նախկինում:
Արդյունաբերության աճը կազմել է 3.1, շինարարության աճը` 6.2, առևտրինը` 7.6%։ Տնտեսության ճյուղերից ամենամեծ աճը գրանցվել է ծառայությունների ոլորտում` 22.2%։ Բավական մեծ է աճը արտաքին առևտրաշրջանառության ոլորտում` կազմելով 38.5%, ընդ որում` հիմնականում ներմուծման հաշվին։ 2022-ի առաջին եռամսյակում ներմուծման ծավալն աճել է 45.6%-ով, իսկ արտահանման ծավալը` 26.9-ով։
Կրճատվել է միայն գյուղատնտեսության ծավալը -5.4%-ով, 2021 թ. ևս այս ոլորտում կրճատում էր գրանցվել, նշում է տնտեսագետը, շեշտում՝ ոլորտում կա խնդիր:
Չնայած արտահանման ծավալներում կրճատում չի գրանցվել, բայց ակնկալիքներն ավելի մեծ էին: Էկոնոմիկայի նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ շեշտում է՝ արտահանման ծավալը մարտին նվազել էր, սակայն շատ արագ վերականգնվել է։
Տնտեսագետն էլ հավելում է՝ չնայած ռուս-ուկրաինական պատերազմը մարտին արդեն սկսվել էր, բայց տնտեսական հետևանքների առումով այս թվերում դեռ այդքան էլ արտացոլված չէ:
Արմեն Քթոյան - Գարնանը տասնյակհազարավոր հայրենակիցներ մեկնում էին արտագնա աշխատանքի, և տրանսֆերտները մեծ հոսքով գալիս էին աշնանը, ապա այդ հոսքերի կրճատումը կերևա ավելի ուշ, մենք դա կանխատեսում ենք:
Նշում է՝ տնտեսական ցուցանիշի առումով ամենադրականը եղել է 2019 թ. վերջը, 2020 թ. սկիզբը, երբ դեռ չկային կորոնավիրուսն ու պատերազմը: Այդ ցուցանիշներին հասնելու ճանապարհ դեռ կա անցնելու:
Ամենատարբեր գնահատականներով՝ Հայաստանը նախաքովիդյան մակարդակին կարող էր հասնել հունիսին, եթե չլիներ այս պատերազմը, տնտեսությունը պիտի աճեր 7-8 տոկոսով:
Աշխարհաքաղաքական իրադարձությունները փոխել են կանխատեսումները: Եթե այլ խանգարող հանգամանքներ չլինեն, ապա ռուս-ուկրաինական պատերազմի թողած տնտեսական հետևանքները հաշվի առնելով` 2019-2020 թթ. տնտեսական ակտիվության ցուցանիշին հունիսի փոխարեն կհասնենք տարեվերջին:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան