Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետբյուջեի վերաբաշխման միջոցով 37,161.4 հազար դրամ հատկացնել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի քարաթափման հետ կապված խնդիրները լուծելու համար պողպատյա պաշտպանիչ ցանցերի կառուցման ծախսերին:
Հիմնավորման համաձայն, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի հիմնական դպրոցի և նրան հարակից տարածքում առկա է քարաթափման վտանգ։ Անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, քանի որ դպրոցի հարակից սարալանջից պարբերաբար քարաթափման հետևանքով դպրոցում վտանգավոր է դասապրոցեսի կազմակերպումը, և ելնելով իրավիճակից՝ ուսումնական գործընթացը ստիպված իրականացվում է հեռավար եղանակով:
Սարալանջին առկա են վտանգավոր ճեղքեր և անկայուն քարեր, որոնք առատ տեղումներից կամ ցնցումներից կարող են գլորվել՝ սպառնալով դպրոցին և հարակից բնակելի շենքերին: Դպրոցի տարածքը քարաթափումից պաշտպանելու համար նախկինում կառուցվել է հենապատ, որը խարխուլ վիճակում է և չի կարող պաշտպանիչ միջոց լինել:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է փոխհատուցել ադրբեջանական անօդաչուի (ԱԹՍ) հարվածից ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների կրած վնասը։ 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, ադրբեջանական անօդաչուի (ԱԹՍ) հարվածից տուժել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները, ինչպես նաև մանկապարտեզի և դպրոցի շենքերը։ Փոխհատուցման գումարը կազմում է 3,230.0 հազար դրամ: