Կանադական Fraser ինստիտուտի «Աշխարհի տնտեսական ազատություն-2021» զեկույցում Հայաստանը տնտեսապես ազատ երկրների 15-րդ տեղում է գտնվում: 2021 թ. զեկույցը վերաբերում է 2019 թ. տվյալներին՝ չներառելով քովիդ համավարակի ազդեցությունը։
Սովորաբար ինստիտուտը գնահատում է 2 տարվա ժամանակային տարբերությամբ: Ինդեքսը դիտարկում է տնտեսական ազատությունը հինգ տիրույթում:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դրական է համարում Մեծ Բրիտանիայի, Կանադայի կողքին հայտնվելու, Գերմանիային ու Ֆրանսիային շրջանցելու փաստը, սակայն նաև ռիսկեր է տեսնում:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Պետք է հաշվի առնենք նաև մեկ գործոն, որովհետև եթե դիտարկում ենք դա ազատականացումը և տնտեսության խոցելիության հետ կապված հարցերը, դրանք երբեմն կարող են ունենալ որոշակի առումով փոխկապակցվածություն: Հատկապես, օրինակ, սեփականության պաշտպանության, հատկապես տարբեր զարգացած երկրների կողմից տնտեսական էքսպանսիայի տեսանկյունից դա կարող է դիտարկվել որոշակի առումով ռիսկային: Որովհետև եթե, օրինակ, նույն մրցակցային առավելությունների առումով երկիրը չի կարողանում իր աշխատուժով, իր կազմակերպություններով ունենալ մրցակցային առավելություն՝ ազատականացնելով իր սահմանները, տնտեսությունը, մուտք գործող խաղացողների համար սահմանում է շատ ավելի լավ պայմաններ:
2019 թ. տվյալներով՝ 165 երկիր բաժանվում են 4 կատեգորիաների՝ ամենաազատ, ամենաանազատ և միջին երկու կատեգորիաներ, որոնք կոչվում են՝ երկրորդ և երրորդ։ 15-րդ տեղը զբաղեցրած Հայաստանը դասակարգվում է ամենաազատ տնտեսությունների կատեգորիայում: Վարկանիշում առաջինը Հոնկոնգն է, իսկ վերջինը՝ Վենեսուելան:
Վիլեն Խաչատրյան - Այն երկրները, որոնք ունեն հատկապես ազատության բարձր մակարդակ նրանք գրավիչ են այն բիզնեսների համար, որոնք հենց դրանով էլ շարժվում են: Դրա տիպիկ օրինակը՝ մաքսիմում ազատության օրինակը կբերեմ. դրանք օֆշորային գոտիներն են, որտեղ հարկային դրույքաչափերը բավականին ցածր են, կարող են գումարներ տեղաբաշխել, պահել դրանք և այլն:
Հայաստանի գնահատականների վերլուծությունը ցույց է տալիս, որ բարելավվել են իրավական համակարգն ու սեփականության իրավունքը, ներառյալ՝ դատական անկախությունը, անկողմնակալ դատարանները, սեփականության իրավունքի պաշտպանությունը, բարեվարքությունը և ոստիկանության նկատմամբ վստահությունը։ Մասնագետների համոզմամբ՝ արդեն 2020 թվականի տվյալներն արտացոլող զեկույցում աշխարհի բոլոր երկրներն էլ հետընթաց կգրանցեն: Սակայն 2019-ին վերաբերող հրապարակումը, ըստ տնտեսագետի, դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա:
Վիլեն Խաչատրյան - Սա նաև մեսիջ է համաշխարհային բիզնես հանրությանը, որ դուք կարող եք ձեր գործունեությունը շարունակել Հայաստանում: Սա է նաև պատճառը, որ մենք նկատում ենք Ռուսաստանից դեպի Հայաստան բիզնեսմենների մեծ հոսք է առկա, և սա փաստում է այն մասին, որ մենք ունենք խաղի այնպիսի կանոններ և բիզնես միջավայր, որը ստիպում է վերջիններիս գալ Հայաստան:
Հետխորհրդային երկրներից Ռուսաստանը զբաղեցնում է 100-րդ տեղը, Ղազախստանը՝ 55-րդ, Վրաստանը՝ 5-րդ, Ադրբեջանը՝ 121-րդ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան