Հայաստանում հինգերորդն է 84-ամյա տիկին Էմման, որին վիրահատելու են ներանոթային եզակի միջամտությամբ, բայց առաջին անգամ է, որ ամերիկյան արտադրության պրոթեզ է տեղադրվելու:
Ապրելիությունը կարող է կազմել մինչև միջամտությունը կես տարի, առավելագույնը 2 տարի, այսպես՝ 5-10 տարի:
Տիկին Էմմայի սրտի աորտայի փականը չէր աշխատում, փողը նեղացած է նորմայից 4 անգամ և չի մղվում արյուն: Տարիքն էլ մեծ է՝ բաց վիրահատություն անելու համար: Դրա համար ընտանիքը դիմել է դեռ Հայաստանում բացառիկ համարվող ներանոթային միջամտությանը:
Համայակ Սիսակյան (ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր) - Անհրաժեշտությունը շատ է, քանի որ սա տարեցների համար է 70-ից ավելի: Սա ամբողջ աշխարհում է կատարվում, որը փոխարինում է բաց վիրահատությանը: Ներանոթային փական ուղղակի փոխվում է և տեղադրվում է խոզի հյուսվածքից կազմված փական, որը հետաքրքիր է շատ:
Առաջին անգամ այսպիսի վիրահատություն անցկացրել են Ֆրանսիայում՝ 20 տարի առաջ: Այսօր եվրոպական երկրներում տարեկան մի քանի հազար տատիկ-պապիկ հենց այս տարբերակով են վիրահատվում: Մեզ մոտ բացառիկ է, քանի որ վիրահատության արժեքը բարձր է, վիրահատվողները` քիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցում այսպիսի վիրահատություն, օրինակ, առաջին անգամ է անցկացվում: Մեր բժիշկները դեռ փորձի պակաս ունեն: Հենց այդ պատճառով էլ այս վիրահատության համար Մոսկվայից հրավիրվել է սրտանոթային վիրաբույժ Արմեն Տեր-Հակոբյանը: Տեղի մասնագետները վիրահատությանը հետևում են, քննարկում, սպասում բարի ավարտին: Մոտ 2 ժամ հետո բժիշկը վիրահատարանից դուրս է գալիս ժպիտով:
Արմեն Տեր-Հակոբյան (սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր) - Եթե համեմատենք էս վիրահատությունն ու բաց վիրահատությունը, մեծը տևում է մի 4 ժամ, հետագայում հիվանդը երկար ժամանակ վերականդանացումում կլինի: Իսկ էս դեպքում վաղը ոտքի վրա կլինի, իսկ 2 օրից տանը: Փաստորեն կրծքավանդակը չի բացվում, տեղային անզգայությունով ենք արել, առանց նարկոզի, մենք կոնտակտի մեջ էինք, խոսում էինք:
Նշում է՝ Ռուսաստանում արդեն տարեկան այսպիսի 2000-ից ավելի վիրահատություն են անում, միայն ՌԴ նախագահի գործերի կառավարման կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ աշխատում է Տեր-Հակոբյանը, 1 տարում 50-ից ավելի վիրահատություն են արել: Լիահույս է՝ Հայաստանում ևս այսպիսի վիրահատությունները շուտով բացառիկ չեն համարվի:
Կլինիկայի ղեկավարը վստահեցնում է՝ փոխայցեր էլի են լինելու նաև մասնագիտական վերապատրաստումների համար: Պրոֆեսոր Սիսակյանը շեշտում է՝ Հայաստանի բոլոր սրտաբանները նախարարության հետ աշխատում են, ուղիներ փնտրում, որ Հայաստանում ևս հնարավոր լինի անել տարեկան որոշակի քանակությամբ այսպիսի վիրահատություն՝ պետության աջակցությամբ ավելի մատչելի գնով:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան