Պաշտոնաթող նախագահ, նախարարներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ. կոռուպցիոն հանցագործությունների համար 2021-ին քրեական հետապնդման է ենթարկվել 590 պաշտոնյա:
Սամվել Հակոբյան (Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - Իրավապահ մարմինները ներկայումս ևս շարունակում են ձեռնարկել գործուն միջոցներ ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս պաշտոնատար անձանց կողմից դրսևորվող կոռուպցիոն բնույթի չարաշահումների պատշաճ քննության և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ՝ 2021-ին հարուցված կոռուպցիոն հանցագործությունների թիվը 2020-ի համեմատ նվազել է 35.2 տոկոսով: Նախորդ տարի կոռուպցիոն բնույթի 1409 նյութից 798-ով հարուցվել են քրեական գործեր. 187 քրեական գործ՝ 433 անձի վերաբերյալ, դատարանում է:
2021 թվականի ընթացքում քննված գործերով պետությանը կամ համայնքներին նախնական հաշվարկով պատճառվել է մոտ 216 միլիարդ դրամի վնաս, վերականգնվել՝ շուրջ 7 միլիարդը:
2021-ին կոռուպցիոն բնույթի ամենախոշոր վնասի վերականգնումը կատարել են «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության պաշտոնյաները, որոնք անցնում էին Երևանի քաղաքապետարանից 1.6 մլն դոլարի հափշտակություն կատարելու գործով:
«2021 թվականի հունիս ամսին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել տվյալ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ արարքում հանցակազմի բացակայության, այսինքն՝ արդարացնող հիմքով: Նշված որոշումը գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է, որից շուրջ 3 ամիս անց հանցանք կատարած անձանց կողմից վերականգնվել է համայնքին պատճառված 805 միլիոն ՀՀ դրամի չափով գույքային վնասը»:
Վնասը վերականգնելուց հետո այս տարվա հունվարին քրեական գործի վարույթը կրկին կարճվել է, այս դեպքում սակայն՝ ոչ արդարացնող հիմքով, հավելում է վարչության պետի տեղակալը:
2021 թվականի ընթացքում դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի 53 քրեական գործերով 97 անձ է դատապարտվել, որոնցից 30-ն ազատազրկվել են:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան