Ատեստավորման գործընթացին մասնակցած 996 ուսուցչից 474-ը ստանում է 30-50 % հավելավճար: Ծրագիրը կշարունակվի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագրի 2021-ի կատարման իր ոլորտի հաշվետվությունը, հեղափոխական համարեց գիտությանը առնչվող պետական ծրագրերը:
Վահրամ Դումանյան (ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Գիտության բյուջեն 83 տոկոս ավելացնելով, նման շեշտակի վերաբերմունքի փոփոխություն՝ ամրագրված բյուջեով, ընդհանրապես չի եղել, նախադեպ չի եղել: Շեշտակի նման մոտեցումը ենթադրում է նման արդյունք, ինչը մենք ակնկալում ենք: Որպես առաջին քայլ՝ գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան, կարգով են բարձրանում, ոչ թե սիմվոլիկ, այլ հարյուրների տոկոս, 165 տոկոս և այլն:
Հայաստանն ունի 50, հարևան Իրանը՝ 44 բուհ. արձագանքելով Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին՝ նախարարն ասաց՝ բուհը փակելու որոշում այս պահին չկա, հարցը քննարկվել է բուհի գիտական, կառավարման խորհրդում, որոշվել է այս տարի չկազմակերպել ընդունելություն, տեղեկանքն ուղարկվել է նախարարություն: Հիմնավորումներն, ըստ նախարարի, համոզիչ են:
2021-ին սկսվել է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման լայնածավալ ծրագրի իրագործումը. նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերով սկսվել է 27 մանկապարտեզի կառուցման և նորոգման աշխատանք։ 4 մանկապարտեզի կառուցումը, 10-ի նորոգումն ավարտվել են անցյալ տարի: 2022-ի ծրագրում ներառված է 73 դպրոց և 10 մանկապարտեզ։
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Ինչ վերաբերում է չափանիշներին` ինչպես են ընտրվում այդ մանկապարտեզները, քանի որ ծրագրերը տարբեր են, չափանիշները տարբեր են: Օրինակ՝ մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագրի հիմնական շեշտադրումը դրված էր առավել մեծ պահանջարկով համայնքներում կարիքը բավարարելուն, հաշվի են առնվել երեխաների թիվը:
2021-ԻՆ ՇՈՒՐՋ 3 000 ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍՏԱՑԵԼ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի 2021-ի հաշվետվությունը: «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցել է 24 երկրի 400 սփյուռքահայ պատանի: «իԳործ» ծրագրի 87 մասնակցից 70% հայրենադարձվել է: Մասնագետները ներգրավված են եղել 16 գերատեսչությունում: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրով ժամանել է 20 երկրի 16 մասնակից:
Զարեհ Սինանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - 2021 թվականին շուրջ 3000 հայրենադարձ գրասենյակից ստացել է աջակցություն՝ քաղաքացիություն ստանալու գործընթացի, անձնական գույքը Հայաստան տեղափոխելու, երեխաների կրթության, աշխատանքգտնելու և այլ հարցերով:
Լիլիթ Գալստյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Արդեն հայտնի է, որ ունենալու ենք մեծ հոսք, բեկուն աշխարհով, գրասենյակը հայրենադարձության հայեցակարգի վրա աշխատում է, թե ոչ:
Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու՝ գրականության տպագրության համար հումքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու՝ Աղվան Վարդանյանի առաջարկին հանձնաժողովը ձեռնպահ քվեարկեց: