Նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին շաբաթներ առաջ վաճառել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը: Այն ճարտարապետությամբ նմանեցված էր Ազգային ժողովի շենքին: Գնորդը, ըստ մամուլի հրապարակումների, վերջերս «Գոլդեն փելիս» հյուրանոցը ձեռք բերած, «Շիրակ» թռչնաֆաբրիկայի տնօրեն Նարեկ Նալբանդյանն է:
Այս առանձնատունը իրեղեն ապացույց էր համարվել 2019-ին հարուցված քրեական գործով: «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում հանրային տարածքում հողհատկացումների վերաբերյալ քննվող այդ գործի շրջանակում առանձնատան վրա արգելանք էր դրվել։ Որոշումը Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, որն էլ փետրվարի 3-ին բավարարվել էր։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ տարակուսած են՝ ինչպես է վաճառվել առանձնատունը, հավելել՝ վաճառքի մասին դատախազությունը տեղյակ չի եղել:
Հակակոռուպցիոն կոմիտեն էլ տարակուսելի էր համարել գլխավոր դատախազի արձագանքն այս թեմային։ Տարածված հաղորդագրությունում կառույցը մատնանշել է Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածն ու պնդել՝ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել եռօրյա ժամկետում և ենթակա է կատարման:
Դատախազությունից հակադարձում են՝ դատական ակտի կատարման համար եռօրյա ժամկետը վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը, այսինքն` երբ սպառվել են այն բողոքարկելու ներպետական բոլոր ատյանները: Իսկ Հակակոռուպցիոնում կարծում են՝ որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:
Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով դրսևորված իրավական դիրքորոշմանը, հայտարարել է Գլխավոր դատախազությունը:
Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի հեռակա վեճին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին անդրադարձել է նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նշել՝ իրավունք չունի միջամտելու երկու կառույցների աշխատանքին, միաժամանակ ուրախալի համարել նրանց միջև առկա անհամաձայնությունները։
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Բացատրեմ` ինչու եմ ուրախ, նախ` մեր աչքի առաջ կայանում է Հակակոռուպցիոն կոմիտեն, ոտքի է կանգնում մի նոր մարմին, որի կայացման վրա մենք լուրջ աշխատանք ենք տարել, երկրորդ՝ մեր երկրում արդարություն կլինի, եթե բոլոր օղակները ոչ թե մի երգ երգեն ու բոլորը ձեռքի ձեռքի տված իրար փորձեն օգնեն ու պարտակեն, այլ երբ որ վեճեր լինեն, երբ որ իրանք իրար վերահսկեն, իրար հետ չհամաձայնեն, և սա հենց առողջացման ճանապարհն է:
Թեև դատախազությունը բողոքարկել է առանձնատան վրա դրված սահմանափակումները հանելու դատարանի որոշումը, այն այլևս որևէ հետևանք ունենալ չի կարող:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան