Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։
Նրանք օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։ Նախ փետրվարի 28-ին հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման է ենթարկվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը՝ Արմավիրի մարզի բնակիչներ էին։ Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա, մյուս արմավիրցու խուզարկությամբ՝ մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են մի քանի գրամ մեթամֆետամին, մարիխուանա, կանեփի սերմ, պայթուցիչով Ֆ-1 տիպի նռնակ և այլն։ Նա կալանավորվել է։
Մյուս բացահայտումը մարտի 3-ին էր։ Այս դեպքում ևս բաժին բերման են ենթարկվել 56-ամյա երկու տղամարդ՝ մեքենայով հանդերձ։
Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է 24 գրամից ավելի մեթամֆետամին։ Նա ևս կալանավորվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ մեթամֆետամինը փոխանցել էր Գորիսի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Մարտի 9-ին էլ նա է հայտնաբերվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում ու բերման ենթարկվել Մալաթիայի բաժին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում գորիսցի տղամարդը ձերբակալվել է։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`