Ապատեղեկությունը կամ կեղծ լուրերի տարածումը այսօր առավել քան արդիական մարտահրավեր է: Ապատեղեկության դեմ պայքարին և մեդիագրագիտությանը վերաբերող համաժողովին բացման խոսքում ընդգծեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:
Վահե Գևորգյան (արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից շեշտակիորեն բարձրացնում է հասարակության և յուրաքանչյուր անհատի տեղեկացվածության հնարավորությունները, սակայն մյուս կողմից՝ այդ նույն հասարակությանը և անհատին դարձնում է խոցելի՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի առջև:
Ըստ նրա՝ թիրախում խոցելի խմբերն են, որոնք չունեն կեղծ լուրերը տարբերակելու կամ վերլուծելու բավարար գիտելիք:
Ֆորումի մասնակից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ ընդգծեց՝ գրագետ և ազատ հասարակություն ունենալը հիմքը՝ կրթությունն է:
Արթուր Մարտիրոսյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այդ առումով, հատկապես վերջին տարիներին, արվում է աշխատանք, կա խնդրի հստակ գիտակցում, մեդիա- և տեղեկատվական գրագիտության բարձրացման խնդրի ձևակերպում թե՛ տարբեր ծրագրերում, և թե՛ այդ ուղղությամբ ուսումնական նյութեր են ստեղծվում:
Մեդիագրագիտության համաժողովին մասնակցում էր նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերի ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն, որն առաջին անգամ է Հայաստանում:
Թերեզա Ռիբեյրո (ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերի ներկայացուցիչ) - Ազատ և անկախ մեդիան ժողովրդավարության առանցքային հիմնասյուներից է, դրա առաջընթացի և զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկը և լավ կյանքի ապահովման նախապայմանը: ԵԱՀԿ տարածքում և ամբողջ աշխարհում լրագրողները ենթարկվում են կամայական հետապնդումների:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ ընդգծում է՝ Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը հոգեբանորեն ուղղակի ազդեցություն են թողնում մեր բնակչության վրա:
«Պարզապես չպետք է թողնել, որ ներքին դաշտում վակուում ձևավորվի, և այդ վակուումը չլրացվի ադրբեջանական կողմից եկող ապատեղեկատվությամբ: Մենք նման խնդիր ունեցանք հենց պատերազմի ընթացքում, երբ պետական մարմիններից մի պահ դադարեցվեց այդ օպերատիվ տեղեկատվության փոխանցումը, և մարդիկ ստիպված մտնում էին և ադրբեջանական կայքեր էին կարդում»,- նշում է նա:
Օմբուդսմենը որպես լուծում առաջարկում է, որ պետական մարմինները տան օպերատիվ և հավաստի տեղեկություն՝ հաշվի առնելով նաև ազգային անվտանգության կարևորությունը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան