Հանրային քննարկման է դրված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրինագիծը:
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին:
Միաժամանակ, 2018-2019 թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:
Չափազանց հրատապ ու կարևոր է պլանավորել և մշակել (կառավարել) աղետների ռիսկը, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, նյութական, մշակութային արժեքները, էկոհամակարգերը, ինչպես նաև հզորացնել պետության դիմակայունությունն աղետների հանդեպ: