Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականության մոդելները կկիրառվեն սոցիալական ոլորտի շահառուների կարիքների գնահատման համակարգում:
Անահիտ Պարզյան (ՀՀ ԱՍՀՆ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն) - Արհեստական բանականությունը ծրագիր է, որը հիմնված է մեքենայական ուսուցման հիման վրա: Մեքենայական ուսուցման բաղադրիչում դիտարկում ես քո խնդիրները և նրան «կրթում» ես բոլոր այն տեղեկատվությամբ, որ դու պարունակում ես:
Պետական համակարգերի արդիականացման, մասնավոր սեկտորի ծառայությունների զարգացման առումով արհեստական բանականությունը ամբողջ աշխարհում լայն տարածում ունի՝ իրավաբանությունից մինչև առողջապահություն: Ստեղծվող համակարգում արհեստական բանականության շնորհիվ պետական ծրագրերի շահառուների կարիքները ավելի թիրախային կգնահատվեն:
Անահիտ Պարզյան - Դիցուք՝ դիմել է որևէ զբաղվածության ծրագրի մասնագիտական վերապատրաստման համար, որոշակի տեղեկատվություն համակարգն իր մասին արդեն ունի, որովհետև ՀԾՀ-ի հիման վրա մենք կարողանում ենք քաղաքացու մասին տեղեկատվություն հավաքագրել, և համակարգն ինքը կանխորոշում է: Նաև կարող եք դիմել պետական այս ծրագրին:
Ծրագիրը հնարավորություն է տալու կարիքի ավելի մանրամասն գնահատում իրականացնել և այդ վերլուծությունների հիման վրա քաղաքացիներին թիրախային ծրագրերում ընդգրկել, այսինքն՝ առանձնացնել այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն ծրագրի շահառու դառնալու համար դժվարություններ են ունենում:
Անահիտ Պարզյան - Ծրագիրը երկու իրականացնող ունի, մեկը «Նորք» սոցիալական ծառայությունների տեղեկատվական կենտրոնն է, որը պիտի խնդիրները ձևակերպի և համակարգին տեղեկատվություն տա, որ ինքը հարստացնի իր մտածելու ունակությունը՝ հիմք ընդունելով այն տեղեկատվությունը, որը մենք ունենք: Երկրորդ խումբը մասնագիտացված արհեստական բանականություն մշակող կազմակերպությունն է:
Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, խումբը ընտրվել է մրցույթով: Համակարգի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են: