Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել իսպանական El País թերթում հրապարակված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ «Հարկավոր է դիմել ամերիկյան կողմին՝ հաստատելու կամ հերքելու այս տեղեկատվությունը, դա նրանց փաստաթուղթն է»,- նշել նա։ ՆԱՏՕ-ն նույնպես չի մեկնաբանել հրապարակումը. «Մենք հստակ քաղաքականություն ունենք․ չենք մեկնաբանում լրատվամիջոցներում արտահոսքերը»,- հայտնել է դաշինքի ներկայացուցիչը։ Նման դիրքորոշում է զբաղեցրել նաև Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Իսպանական հրատարակությունն այսօր տարածել էր փաստաթղթեր, որոնք իբր պարունակում էին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները եվրոպական անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել Եվրոպայում անվտանգության հարցերը, սակայն համաձայն չեն Մոսկվայի հիմնական պահանջների հետ:
*****
Ֆրանսիան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժելու ցանկություն չի տեսնում՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը։ «Այժմ մենք որևէ տեղեկություն չունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից որևէ գործողություն նախաձեռնելու ցանկության մասին»,- ընդգծել է նա։ Նախարարի համոզմամբ՝ առաջնահերթությունը պետք է տրվի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը: Լը Դրիանը նշել է նաև, որ վերջերս Ուկրաինայի հարցով «նորմանդական ձևաչափի» երկրների ղեկավարների խորհրդականների հանդիպման ընթացքում «ձեռք է բերվել համեստ առաջընթաց», և հաջողություն գրանցելու ներուժ կա:
*****
Բելառուսում մեկնարկել է Միութենական պետության «Դաշնակցային վճռականություն-2022» արձագանքման ուժերի ստուգման առաջին փուլը: Դրա շրջանակում ռուս և բելառուս զինծառայողները կմշակեն պաշտպանական և ապօրինի խմբավորումների դեմ պայքարի հնարքներ՝ հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով. առաջինը կտևի մինչև փետրվարի 9-ը, Ռուսաստանից Բելառուս կտեղափոխվեն անձնակազմ և տեխնիկա, կձևավորվի զորքերի մի քանի խմբավորում, որոնք, ըստ սցենարի, կպաշտպանեն պետական կարևորագույն օբյեկտները, ինչպես նաև կապահովեն օդային սահմանի անվտանգությունը։ Երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 10-ին։ Ստորաբաժանումները կմշակեն արտաքին ագրեսիայի պայմանական արտացոլման մեխանիզմներ։ Զորավարժությունները կավարտվեն փետրվարի 20-ին։
*****
Վաշինգտոնն այս պահին համաձայնել է չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցների միայն մի մասը, սակայն հիմքեր կան, որ կարող է միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագիր կնքվել: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Աբասզադե Մեշկինին։ «Բանակցային գործընթացում կան դրական պահեր և առաջընթաց, սակայն առկա են կարևոր հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն»,- նշել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ «իրանական կողմի տրամադրության տակ գտնվող փաստերն ու փաստաթղթերը վկայում են այն մասին, որ փոխշահավետ համաձայնագրի կնքման պայմաններ արդեն ստեղծվել են, սակայն դա հնարավոր է միայն արևմտյան երկրների կողմից բարի կամքի դրսևորման դեպքում։