«Օմիկրոնը» շատ արագ է տարածվում։ Այս միտումը լրջորեն անհանգստացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
Թեդրոս Գեբրեյեսուս (ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն) - Եվրոպայում շատ երկրներ վերացնում կամ մեղմացնում են կորոնավիրուսային սահմանափակումները։ Սակայն աշխարհում վարակվածների շրջանում մահացության աճ է նկատվում։ Մենք չենք բացառում նաև, որ հետագայում նոր մուտացիաներ կառաջանան։
Կազմակերպության առողջապահական շտապ օգնության ծրագրի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կերխովեն էլ զգոնության կոչ է արել՝ զգուշացնելով՝ շատ երկրներ դեռ չեն առերեսվել «Օմիկրոնի» գագաթնակետին։
Մարիա վան Կերխովե (ԱՀԿ-ի առողջապահական շտապ օգնության ծրագրի տեխնիկական ղեկավար) - Դեռ վաղ է խոսել կորոնավիրոսով պայմանավորված սահմանափակումները վերացնելու մասին։ Շատ պետություններում պատվաստումների մակարդակը շարունակում է մնալ ցածր։
Չնայած նախազգուշացումներին՝ որոշ երկրներ թուլացնում են համավարակային սահմանափակումները։ Նախօրեին Դանիան առաջինը Եվրոպայում չեղարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր միջոցառումները։ Մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է երկրում պատվաստումների բարձր մակարդակով: Բնակչության ավելի քան 80%-ը ստացել է պատվաստանյութերի երկու չափաբաժին։
Գերմանիայում համավարակի սկզբից ի վեր նոր հակառեկորդ է գրանցվել՝ ավելի քան 200 հազար դեպք մեկ օրում։ Նոր շտամի տարածման ֆոնին Գերմանիայի իշխանությունները հայտնել են սահմանափակումների մասին, որոնք հիմնականում վերաբերում են չպատվաստված քաղաքացիներին: Նրանց արգելվում է այցելել հանրային սննդի և ժամանցի վայրեր։ Կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է՝ պարտադիր պատվաստումների մասին օրենքի ընդունման համար։
Վարակվածների թիվն աճում է նաև Բուլղարիայում։ Երկրի մայրաքաղաքում հիվանդանոցներն արդեն լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ հիվանդների հոսքի պատճառով։ Վարակվածների ճնշող մեծամասնությունը միջին տարիքի չպատվաստված անձինք են։
Չինաստանն էլ Լուսնային նոր տարվա օրերին խստացնում է ճանապարհորդության կանոնները։ Հասարակական տրանսպորտից օգտվելու համար քաղաքացիները պարտավոր են ներկայացնել, այսպես կոչված, «առողջության կանաչ ծածկագրեր», որոնք ցույց են տալիս՝ արդյոք անձը եղել է շրջաններում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Հիվանդացության բարձր մակարդակ ունեցող քաղաքներում կարող է կոշտ լոքդաուն հայտարարվել։ Պայքարի տարբերակներից մեկն էլ զանգվածային պատվաստումներ սկսելն է։
Զանգվածային պատվաստումների գործընթացն արագացրել է Իրանը։ Երկրում համաճարակաբանական իրավիճակը վատթարացել է «Օմիկրոն» տարատեսակի արագ տարածման պատճառով։ Փորձագետները զգուշացրել են հիվանդացության նոր ալիքի մասին։
Վրաստանում էլ կրկին գրանցվել է կորոնավիրուսով վարակման հակառեկորդ՝ ավելի քան 26 000 նոր դեպք՝ մեկ օրում․ դեպքերի 90-95%-ը «Օմիկրոն» շտամ է։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանում «Օմիկրոնի» պատճառով արդեն գրանցվել են մահվան դեպքեր։
ԱՀԿ-ի վերջին տվյալով՝ աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է քովիդով վարակման 376 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 5 մլն մարդ։
Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից համաճարակաբանական իրավիճակի վատթարացման ֆոնին՝ չվտանգելով նաև շրջապատող մարդկանց կյանքը։
Փորձագետները հորդորում են պատվաստվելուց բացի հետևել սեփական հիգիենային, պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ, հնարավորինս հաճախ ախտահանել ձեռքերը, ինչպես նաև խուսափել մարդաշատ վայրերից։