Խորհրդարանական լսումների ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ Հայաստանի 1400 դպրոցների շուրջ 800-ն իրենց բնակավայրի միակ դպրոցն են:
«Դպրոցների շուրջ 66.5 տոկոսն ունի մինչև 300 սովորող: Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները կազմում են դպրոցների ընդհանուր թվի 31.5 տոկոսը: Մենք պետք է հասկանանք, որ մեր դպրոցական շենքերի ընդհանուր հզորությունը նախատեսված է շուրջ 650 հազար աշակերտների համար, այնինչ աշակերտների թիվը շուրջ 400 հազար է: Այդ շենքերի ծանրաբեռնվածությունը որոշ դեպքերում պահպանման տեսանկյունից անարդյունավետ է դարձնում առկա ծախսերը՝ ուղղորդելով գտնել ավելի թիրախային լուծումներ, գույքային և վարչատնտեսական կառավարման նոր մոդելներ»,- ասաց Անդրեասյանը:
Փոխնախարարը նշեց, որ դպրոցների 26.3 տոկոսը մինչև 25 տոկոս բեռնվածություն ունի, իսկ դպրոցների շուրջ 20 տոկոսի դեպքում էլ բեռնվածությունը 25-50 տոկոս է:
Անդրեասյանն անդրադարձավ նաև դպրոցներում գործառույթների և լիազորությունների բաժանմանը:
«Դպրոցների կառավարման ոլորտում ունենք գործառույթների և լիազորությունների անարդյունավետ բաշխվածություն: Տնօրենից պահանջում ենք լինել լավ վարչատնտեսական կառավարիչ, ուսումնական գործի լավ մասնագետ: Հավաստագրման մեխանիզմով թե՛ գործող տնօրեններին, թե՛ համակարգ նոր մուտք գործողներին դնում ենք նույն վիճակում՝ պարտադրելով իրենց հաշվին անցնել վերապատրաստում, նույնիսկ եթե դրա կարիքը չկա, այնուհետև գրավոր և բանավոր քննական փուլ անցնել՝ 5 տարին մեկ Սահմանադրություն և այլ օրենքների իմացություն ստուգելով: Այնինչ կառավարման որակ և հմտություններ պետք է ակնկալենք»,- ասաց Անդրեասյանը: