Հունվարի լույս 15-ի գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ Ռանչպար գյուղում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել էին բջջային օպերատորներից մեկին պատկանող ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը և գողացել 16 մարտկոց:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից որոշ ժամանակ անց, Մասիսի քրեական հետախույզները հայտնաբերել են գողությունը կատարած անձանց և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի մեքենայի համարանիշները փոխարինված էին, սրահում էլ գողացված մարտկոցներն էին։ Բերման ենթարկված չորս տղամարդկանցից մեկը Երևանի, մյուսը` Նոր Խարբերդի, երկուսը Մասիս քաղաքի բնակիչներ են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նրանք ձերբակալվել են։
Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին նրանք Նոր Խարբերդ, Դարբնիկ, Այնթապ գյուղերի` նույն ընկերությանը պատկանող ենթակայաններից գողացել էին ընդհանուր 28 մարտկոց: Բացի այդ, պարզվել է նաև, որ նրանք նմանատիպ գողություններ են արել Արարատում, Գառնիում և Էրեբունիում։
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: