2021 թ. Գեղարքունիքի մարզում գրանցվել է 688 արտակարգ դեպք և պատահար, որի հետևանքով զոհվել է 24 մարդ: 2020 թ. համեմատ արտակարգ դեպքերն ավելացել են 157-ով:
Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների կողմից 2021 թվականի ընթացքում կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել մարզային փրկարարական վարչությունների պետերը:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմն ամբողջ լողասեզոնի ընթացքում ուժեղացված ծառայություն է իրականացրել 3 հանրային լողափերին և թերակղզու փրկարար ծառայության հենակետում: Վերահսկվող տարածքներում ջրահեղձման որևէ դեպք չի գրանցվել. ջրափրկարարները 66 քաղաքացու կյանք են փրկել:
Այս տարի առաջին անգամ Սևանա լճի տարածքում իրազեկման նպատակով գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր: Նոյեմբերի 20-ից Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին Մարտունու թիվ 33 ՀՓՋ ուժերով ծավալվել է առաջին օգնության կետ, որտեղ իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։
Լոռու մարզային փրկարարական վարչության 2021 թվականի գործունեության առանցքում է եղել ստորաբաժանումների մարտունակության և կարգապահության բարձրացումը, արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգերի սահմանված կարգով սպասարկումը: 2021 թ. ընթացքում մարզի տարածքում գրանցվել է 1324 արտակարգ դեպք և պատահար:
Գրանցված դեպքերից 552-ը եղել են տեխնածին բնույթի, տարերային՝ 67, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 705-ը: 2020 թ. համեմատ մարզում հրդեհները նվազել են 30%-ով, մեծ մասն արձանագրվել է անտառային և խոտածածկ տարածքներում: 2021 թ. տեղադրվել են 2 հիդրանտ և 7 ջրածորակներ:
Մեծ Պարնի բնակավայրում հիմնվել է կամավորական հրշեջ հենակետ։ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի կողմից սկզբնական մասնագիտական գիտելիքներ ապահովելու նպատակով հրշեջ կամավորական խմբի հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ, տրվել է 1 հրշեջ մեքենա:
Մեծ Պարնի համայնքի 27 կամավոր հրշեջ-փրկարարներին շնորհվել է «Փրկարար» որակավորման դաս: Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից անցած հաշվետու տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են տարվել քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման ուղղությամբ՝ բոլոր համայնքներում կազմակերպվել են ուսումնավարժանքներ:
Համայնքներում և բնակավայրերում նորոգվել ու փորձարկվել են բնակչության ազդարարման համակարգերը: Փրկարար ծառայությունը դրոն է տրամադրել, որը կիրառվում է դեպքերի և վարժանքների ժամանակ։ Տավուշի ՀՓՋ-ն համալրվել է «ՈՒԱԶ 3972» և «Ռենո JP 1A 12S8250 ԱԲ 40», Դիլիջանի ՀՓՋ-ն՝ «ՄԱԶ 5334 ԱԲ-8» մակնիշների մեքենաներով: Տավուշի ՔՈՓ թիմի կողմից իրականացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով 32-ժամյա վարժանք։
Իջևան, Բերքաբեր, Կիրանց, Վազաշեն, Լուսաձոր, Այգեհովիտ, Աճարկուտ, Սարիգյուղ, Սևքար, Ազատամուտ, Բերդ, Նոյեմբերյան, Այրում և Կողբ համայնքներում անցկացվել են «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսապահովումն ու ինքնապաշտպանությունը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ։
Մարզային փրկարարական վարչությունների պետերն առանձնացրել են 2022 թվականին նախատեսված հիմնական միջոցառումները և անելիքները, որոնք ուղղված են լինելու քաղաքացիական պաշտպանության ոլորտի գիտելիքների ուսուցմանը, գործնական միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխմանը, հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով անձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացումը և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը: