Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծել է էլեկտրոնային քարտեզ, որում ներկայացված են Հայաստանի համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ընտրատեղամասերը:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանձնաժողովը ցուցադրել է նաև տեսողության խնդիրներ ունեցողների համար բրալյան գրով տպված ուղեցույցները: Հարմարեցված և չհարմարեցված տեղամասերում ընտրական ամբողջ գործընթացի միջով անվասայլակով փորձել է անցնել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը:
Նաթիա Նացվլիշվիլի (Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ) - Ես շատ հիասթափված էի, երբ չկարողացա ընտրություն կատարել առաջին ընտրական տեղամասում: Շատ վատ է և տխուր հաշմանդամություն ունեցող այն մարդկանց համար, որոնք գնում են ընտրատեղամաս, որպեսզի իրենց կամքն արտահայտեն, բայց չեն կարողանում անել դա: Երկրորդ ընտրական տեղամասն ավելի ներառական էր և հարմարեցված տեղաշարժի համար:
Տիգրան Մուկուչյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - Երբ սկսում է խնդիրը ավելի հրապարակային ներկայացվել, բնական է, սա կարող է միանշանակ խթանել, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն այդ տեղամասերին: Որպեսզի ինտերակտիվ քարտեզի վրա նշված դեղին գույնը շատ արագ վերածվի կանաչ գույնի: Ես համոզված եմ, որ այս գործիքը, որն ապահովելու է լիակատար տեղեկատվություն, կնպաստի նաև տեղամասային կենտրոնների վիճակի բարելավմանը՝ մատչելիության տեսանկյունից:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան