Դեկտեմբերի 5-ին Հանրապետության 9 մարզում ՏԻՄ ընտրություններ են: Այս տեսանյութում կանդրադառնանք Լոռու մարզի 4 խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով պայքարի մեջ մտած քաղաքական ուժերին: Թեժ պայքար է սպասվում Վանաձոր խոշորացված համայնքում՝ այն հանրապետության երրորդ ամենամեծ քաղաքից բացի ներառում է նաև Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքները: Ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ:
Այսպես՝ Վանաձոր խոշորացված համայնքում պայքարի մեջ է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը: Ցուցակի առաջին համարը Վանաձորի փոխքաղաքապետ, անկուսակցական Արկադի Փելեշյանն է:
Հաջորդ ուժն «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն է, համայնքապետի թեկնածուն Կարեն Էդարյանն է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը:
«Հանրապետություն» կուսակցությունն առաջադրել է Վազգեն Թորոսյանի թեկնածությունը, «Ապրելու երկիրը»՝ Արտավազդ Ալավերդյանին:
Վանաձորի ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակն այս անգամ գլխավորում է ոչ թե Քրիստ Մարուքյանը, որը ներկայում ավագանու անդամ է, այլ` նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը:
«Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար, նախկին «Հանրապետական» Վահե Դոխոյանն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թեկնածուն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանն է:
Վանաձորի արդեն նախկին քաղաքապետը՝ Մամիկոն Ասլանյանը, ընտրությունների է գնում «Մամիկոն Ասլանյան» դաշինքով, որի կազմում՝ «Ազատ դեմոկրատներ» և նորաստեղծ՝ «Իմ հզոր համայնք» կուսակցություններն են:
Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է քաղաքական ուժի կենտրոնական կոմիտեի քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:
Նույն օրը՝ դեկտեմբերի 5-ին, ընտրություններ են նաև Լոռու Թումանյան խոշորացված համայնքում, Թումանյան քաղաքի հետ միասին այս համայնքում միավորվել է 8 գյուղ: Պայքարի մեջ է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» կուսակցությունները:
15 գյուղի միավորումով Փամբակ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Բարգավաճ Հայաստանը»: 20 գյուղ և Սպիտակ քաղաքը ներառող Սպիտակ խոշորացված համայնքում էլ առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայրենիք» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: