Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին արդարացնելու որոշման դեմ դատախազության բողոքը:
Մեղադրող դատախազները պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Դատարանը մերժել է նաև պաշտպանների բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 2 միլիարդ դրամ գրավը վերացնելու կամ չափը նվազեցնելու վերաբերյալ:
Որոշման պատճառաբանական մասին ծանոթանալուց հետո կողմերը կորոշեն՝ բողոքարկե՞լ այն, թե՞ ոչ:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին և իր նախկին երեք ենթականերին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որից հետո առաջին ատյանի դատարանը արդարացրել էր ամբաստանյալներին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան