44-օրյա պատերազմը չհասունացավ մեկ օրում կամ 5 տարում, այն ընդառաջ էր գալիս մեզ: «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով զեկույցի ներկայացում-քննարկման ժամանակ հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Արցախյան երկրորդ պատերազմից հետո սա ինստիտուտի երկրորդ զեկույցն է, նախատեսվում է ևս երկուսը, որոնցում անդրադարձ կլինի ահաբեկիչներին և պատերազմական հանցագործություններին:
«Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով զեկույցը, որը բաղկացած է 52 էջից, պատերազմի պատճառների մասին է:
Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ նախագահ - Մեր հիմնական բացթողումներից է լրջորեն չվերաբերվելը ռազմական հավասարակշռության խախտմանը և չնախատեսել անվտանգության այն բացերը, որոնք առաջանում էին այս կամ այն արտաքին դերակատարի սինուսոիդալ ներգրավվածության արդյունքում:
Սաֆարյանը նշեց՝ այս զեկույցում շատ բան տեղ չի գտել, այդ թվում՝ լեգիտիմության խնդիրների ազդեցությունն արտաքին քաղաքականության վրա:
Ստյոպա Սաֆարյան - Եթե կոպիտ նկարագրենք, այո՛, մեր պահվածքն այնպիսին է եղել, որ ոչինչ պետք չի անել հիմնականում, և պատերազմը եկել ընկել է մեզ վրա: Չեմ ուզում ասել, թե հեռացման փորձեր չեն արվել, արվել են: Հեռացման փորձեր արվել են և Փաշինյանի օրոք: Հանուն արդարության՝ հենց իրենք՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրենց վերջին տարիների հարցազրույցներում խոսում էին, որ պետք է Ալևին էլի հույսեր տալ, մի քիչ ավելի ճկուն լինել, բայց էլի հետաձգել պատերազմը: Այս առումով Հայաստանի արտաքին և արցախյան քաղաքականության խնդիրն այն է, իմ կարծիքով, որ ավելի շատ տեսլականն է բացակայել, թե ինչ ենք ուզում:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին, բանախոսն ասաց՝ նրանք ունեն մանդատ վերսկսելու հակամարտության վերաբերյալ քննարկում: Սաֆարյանը, միաժամանակ, նշեց՝ կան դժվարություններ, քանի որ Ադրբեջանը համառում է:
Ստյոպա Սաֆարյան - Հայաստանը նույն պատերազմից հետո բավականին հստակ քանիցս նշեց իր պատրաստակամությունը հասնելու հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այդ մասին Արտաքին գործերի նախարարը և վարչապետն արել են բազմաթիվ շատ միարժեք հայտարարություններ:
Քննարկմանը ներկա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մի քանի հարց ուղղեց Սաֆարյանին, որոնցից մեկը վերաբերում էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությանը:
Ստյոպա Սաֆարյան - Ես կարծում եմ, այո՛, անգամ եթե մեր վերաբերմունքն այնպիսն է, որ մենք գտնվում ենք ցեղասպանական քաղաքականության թիրախում, ես չեմ բացառում, որովհետև բանակցություններում էլ մի շատ հայտնի իմպերատիվ սկզբունք կա՝ եթե մի բան բխում է քո շահերից, պետք է դա անել, հրաժարվել քո շահերից երբեք չես կարող:
Պատասխանելով նոր պատերազմ սկսվելու հավանականության մասին հարցին, քաղաքագետը նկատեց, որ այս հրադադարը ստորագրված է 5 տարով՝ ի տարբերություն 1994 թվականի, որն անժամկետ էր:
Ստյոպա Սաֆարյան - Իհարկե, շատ կարևոր է հրադադարի ոչ միայն ամրապնդումը մեր պարագայում, որովհետև մեզ պատերազմ հանուն արդարության երբեք ձեռնտու չի եղել, հիմա էլ ձեռնտու չէ:
Նրա դիտարկմամբ՝ անհրաժեշտ է հասնել խնդրի համապարփակ կարգավորման: Խոսելով սադրանքների մասին՝ Սաֆարյանը նշեց՝ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում մեր շահերից է բխում:
Ստյոպա Սաֆարյան - Ի դեպ, ես չէի անվանի, թե այսօր միայն Ռուսաստանն է դարձել Արցախի անվտանգության երաշխավորը, ես չեմ կարծում այդպես, ես կարծում եմ՝ Արցախն այսօր անվտանգության առնվազն երկու երաշխավոր ունի, Հայաստանը չի կորցրել Արցախի անվտանգության երաշախավորի իր դերակատարումը:
Ամփոփելով քննարկումը՝ Ստյոպա Սաֆարյանը նկատեց՝ առաջին դասը, որ պետք է քաղել, երբեք չանել այն, ինչը թույլ ենք տվել մինչև 44-օրյա պատերազմը:
Ստյոպա Սաֆարյան - Ես ուզում եմ, որ դասեր քաղենք, իսկ դա հնարավոր է, երբ մենք թույլ չտանք մեր հասարակությանը պահել այլևս լեգենդեների, կեղծիքների, միֆերի և մնացածի մեջ:
Սաֆարյանը հույս հայտնեց, որ այս և մյուս զեկույցներն ինչ-որ ձևով օգտակար կլինեն քննիչ հանձնաժողովներին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան