ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմը համարում է ավարտված։ Այդ մասին նա, ըստ Associated Press (AP)-ի, տեղեկացրել է Կոնգրեսին։ Այդ օրը լրանում էր Իրանի դեմ ռազմական հակամարտությունը շարունակելու համար Կոնգրեսի հավանությունը ստանալու վերջնաժամկետը։
«2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունները դադարեցվել են»,- նշել է Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին և Սենատի ժամանակավոր նախագահ Չակ Գրասլիին ուղղված նամակում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ չնայած ամերիկյան ռազմական գործողության հաջողությանը, Իրանը դեռևս լուրջ սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։
1973 թվականի Պատերազմական լիազորությունների մասին բանաձևի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է ռազմական գործողություններ իրականացնել ընդամենը 60 օր։ Դրանից հետո նա պետք է դադարեցնի դրանք կամ Կոնգրեսին դիմի ևս 30 օր երկարաձգելու խնդրանքով՝ «անխուսափելի ռազմական անհրաժեշտության» դեպքում։
CBS News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ապրիլի 30-ին հայտնել էր, որ Իրանի դեմ պատերազմի համար ԱՄՆ-ի իրական ծախսերը կրկնակի գերազանցում են Պենտագոնի պաշտոնական ցուցանիշը՝ 25 մլրդ դոլարը, որը ներկայացրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսական բաժնի տնօրեն Ջուլս Հերսթը:
CBS News-ի զրուցակիցները նշել են, որ այն չի ներառում ոչնչացված և վնասված սարքավորումները կամ ամերիկյան ռազմական բազաներին հասցված վնասը։