Նոր ժամանման սրահ և ամբողջովին վերակառուցված վազքուղի. «Շիրակ» օդանավակայանը պլանային նորոգումից հետո բացում է իր դռները: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, կառավարության այլ անդամներ և ՏԻմ ներկայացուցիչներ ծանոթացել են իրականացված աշխատանքներին։
3220 մ երկարության և 45 մ լայնության վազքուղին նորոգվել էր 14 տարի առաջ։ Տեխնիկական վերահսկողությունն իրականացրել է օդանավակայանը, հատուկ ստուգվել է ասֆալտի որակը։
Վազքուղին սպասարկելու է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օդանավերի: 1963 թ. կառուցված, իսկ հետագայում պարզապես շերտերով ավելացված վազքուղու կառուցման համար «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ներդրել է 6 մլն դոլար, նոր ժամանման սրահի համար էլ՝ ևս 1,5 մլն դոլար։
«Շիրակ» օդանավակայանի զարգացման հեռանկարային այլ ծրագրեր ևս կան, որոնք դեռ քննարկման փուլում են:
Սուրեն Պապիկյան, ՀՀ փոխվարչապետ - Գյումրիի օդանավակայանը դառնալու է կարևոր հանգրվան, զբոսաշրջիկների այցելության վայր ու նաև Գյումրու զարգացման կարևոր գրավական: Ենթադրում եմ, որ կունենան դեպի Եվրոպա չվերթեր:
Անդրադառնալով առաջիկայում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին՝ Պապիկյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր տեղերում ակտիվ մասնակցում է ընտրությունների։ Ինչո՞վ էր պայմանավորված Գյումրիում Շիրակի մարզպետի առաջնորդությամբ համամասնական ցուցակ կազմելը, պատասխանեց. «Պայմանավորված էր Գյումրու նկատմամբ հատուկ վերաբերմունքով, մարզպետի՝ Գյումրու նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ: Մեր թեկնածուն այս տարածաշրջանում համարվում է մեզ համար ամենացանկալի Գյումրու քաղաքապետի թեկնածուն»:
Արդյո՞ք Հովհաննես Հարությունյանի՝ Գյումրու քաղաքապետ դառնալու դեպքում Շիրակի մարզպետի թեկնածու արդեն ունի իշխանությունը, Պապիկյանը հորդորեց չշտապել, սպասել ընտրությունների արդյունքներին։