ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը և նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանն օրերս մասնակցել են Մոսկովյան ֆինանսական ամենամյա համաժողովին, որն այս տարի նվիրված է եղել Ռուսաստանի Դաշնության հետագա տարիների տնտեսական զարգացման ռազմավարության քննարկմանը:
Համաժողովի ընթացքում իշխանության, բիզնեսի, մասնագիտական և փորձագիտական համայնքների ներկայացուցիչները բաց երկխոսության ձևաչափով քննարկել են ֆինանսատնտեսական հատվածի առանցքային հարցերն ու հիմնախնդիրները:
Մոսկվա կատարած այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալներ Տիմուր Մաքսիմովի և Ալեքսեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ ֆինանսների նախարարության ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Նազարովի հետ:
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման և հարաբերությունների սերտացման շուրջ՝ հիմնված համատեղ օրակարգի ձևակերպման վրա: