ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից խոսեց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ու շեշտեց ընտրության թափանցիկ ու արդար անցկացումը:
«Ընդդիմությունն այս դահլիճում նստած է մի պարզ պատճառով. որովհետև մենք էլ, դուք էլ չափազանց մեծ վստահություն ունենք ընտրական գործընթացների նկատմամբ, որովհետև դուք էլ, մենք էլ գիտենք՝ ով ինչքան տոկոս է հավաքել ընտրությունների արդյունքում, և որևէ մեկն այդ վստահության տոկոսը չի վիճարկում:
Երբ ձեր առաջնորդի նկատմամբ, իր դիմումի համաձայն, որոշում էր կայացվում, Սահմանադրական դատարանն աշխարհի ամենալավ դատարանն էր: Երբ ընտրությունները չէին վիճարկվում, և դատարանն ընտրությունների արդյունքները թողնում էր անփոփոխ, սկսում էիք ասել, որ սա շատ վատ, քաղաքական ճնշումներով կայացված որոշում է: կողմնորոշվե՛ք, ժողովուրդ, որովհետև քաղաքացին իր ընտրությունը կատարել է: ՀՀ քաղաքացին այլևս թմբիրի վիճակում չէ»,- ասաց Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին արդեն գիտի, որ երկրի ճակատագիրը նախևառաջ պայմանավորված է իր քվեով: