Խորհրդարանը քննարկում է ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը:
ԿԸՀ նախագահի դիտարկմամբ՝ համապետական արտահերթ ընտրություններն էականորեն տարբերվում էին հերթական ընտրություններից: Առաջին անգամ էր, որ համավարակի պայմաններում պետք է իրականացվեին ընտրություններ:
Ներկայացնելով 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների ընթացքում իրենց իրականացրած աշխատանքը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ քվեարկության օրվանից մոտ 50 օր առաջ սահմանված նոր քվեակարգով ընտրությունների անցկացման պայմաններում ամբողջ հանրապետությունում արձանագրվել է ընդամենը 4593 անվավեր քվեաթերթիկ:
«Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների համար ապահովվել է ավելի լայն հնարավորություն՝ տեսահսկում իրականացնելու համար»,- ասաց Մուկուչյանը:
Նա նշեց, որ քարոզչության մեկնարկի առաջին իսկ օրվանից թեկնածուների համար ապահովվել են հավասար հնարավորություններ ու պայմաններ:
Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ՝ 1779 ընտրական տեղամասեր են այցելել 8411 տեղական և միջազգային դիտորդներ և 1819 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովն ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ստացել է 4 դիմում:
Ներկայացված դիմումները քննարկվել են հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի՝ արդյունքների ամփոփման նիստում:
ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված թիվ 184 Ա որոշումը վիճարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում: 2021թ. հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը ՍԴՕ 16.06 որոշմամբ ԿԸՀ-ի որոշումը թողել է անփոփոխ: