ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին: Նա հույս հայտնեց, որ խնդիրն արագ կկարգավորվի, այլապես դրա հետևանքով կարող է մարդիկ խուսափեն Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց։
Թունյանը ընդգծեց՝ որևէ մեկը չի կարող հերքել, որ Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների ստուգումը և պետտուրքի գանձումը լուրջ խնդիր է։ Ավելին, ըստ Թունյանի այդ խոչընդոտը անհարմարություն, անորոշություն և ռիսկեր է պարունակում, ինչը, բնականաբար, պետք է արագ կարգավորվի։
«Այսինքն՝ որևէ մեկի համար հաճելի չի, որ իր երկրի բեռնատարների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծվեն։ Հայաստանի տարածքով գալիս են իրանական այն բեռները, որոնք սպառվում են Հայաստանում։ Ե՛վ Հայաստանի համար, և՛ Իրանի համար կարևոր է այդ ճանապարհը,- շեշտեց Թունյանը՝ հավելելով,- այս պահին ես ավելին չգիտեմ, քան այն, ինչ հրապարկվել է ԱԱԾ-ի կողմից։ Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, որովհետև անհարմարություն է, որ մեր՝ Իրանի հետ կապող միակ ճանապարհի հետ կապված խնդիրներ կան»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: