ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:
Մրցութային խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն ձևավորված մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը: 2021 թվականի հունիսի 22-ին Խորհուրդն այդ թափուր տեղի համար հայտարարել է մրցույթ, երկու հավակնորդներից մրցութային խորհուրդը սեպտեմբերի 3-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել Մարիամ Գալստյանին:
Մարիամ Գալստյանը շնորհակալություն հայտնեց մրցութային խորհրդին իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա ներկայացրեց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իր տեսլականը:
Ըստ նրա՝ այս հարցում հաջողություն ունենալու համար չափազանց կարևոր գործոններ են քաղաքական կամքի առկայությունն ու քաղաքացիների մտածելակերպի փոփոխությունը: Թեկնածուն հակիրճ անդրադարձավ ոլորտում արձանագրված հաջողություններին, ընդգծեց նաև, որ վերջին տարիներին դրական առումով փոփոխվել է քաղաքացիների մտածելակերպը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին:
«Կոռուպցիայի՝ անգամ նվազագույն քանակի առկայությունն ուղղակի վտանգ է ազգային անվտանգությանը, պետության մարտունակությանը, տնտեսությանը և առհասարակ ուժեղ և անվտանգ պետություն ունենալու բոլոր բաղադրատարրերին: Ես, 2014 թվականից ստանձնելով հակակոռուպցիոն քաղաքականության մշակման պատասխանատվությունը, միշտ հավատացել եմ, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի օրենքի շրջանակներում ագրեսիվ և անհանդուրժող պայքար մղել կոռուպցիայի դեմ»,- իր ելույթում նշեց Գալստյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությանն ու այս հարցում հանրության գիտելիքների ավելացման անհրաժեշտությանը, ինչը, ըստ նրա, կարող է կանխարգելել կոռուպցիոն երևույթները:
ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել նոր հարթակներ, որոնցում կձևավորվեն կոռուպցիան մերժող քաղաքացիներ:
Հարցի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 14-ին:
Գալստյանը 2016 թվականից ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվեցիայի շրջանակում փորձագետ է, 2017 թվականից՝ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի կոնտակտային անձ, 2018-ից՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի ազգային պատվիրակության անդամ: