Յետ պատերազմեան շրջանին վերաբացած Հալէպի օդակայանին մէջ, ընթացիկ ամսուան սկիզբը Երևան-Հալէպ վերասկսած առաջին թռիչքով Հալէպ ժամանեց ՀՀ-եան մէջ Սուրիոյ դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը: Նա չորս տարի է որպէս դեսպան կը գործէ Հայաստանի մէջ: Հալէպ գալէն քանի մը օր առաջ դեսպանը հանդիպած էր ՀՀ Արտաքի Գործոց նախարարին հետ և զրուցած երկու երկիրներու փոխ յարաբերութիւններու զարգացման մասին:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմ, Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան - Սիրիան և Հայաստանը իրար համարում են ոչ միայն բարեկամ, այլև եղբայրական երկրներ: Հայաստանի արտգործնախարարի հետ նախորդ շաբաթ ունեցած հանդիպման ընթացքում Սիրիայի նկատմամբ նրա վերաբերմունքը գերազանց եմ համարում: Ցանկանում ենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսի պատճառով կասեցված համաձայնագրերը կրկին ակտիվանան:
Դեսպանը, անդրադառնալով Հայաստան-Սուրիա յարաբերութիւններուն, նշեց, որ անոնք պատմական են, երկու երկիրներու ժողովուրդներն են, որ ստեղծած են այս յարաբերութիւնները:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմ - Հայաստանի դիմագրաված ճգնաժամերի ընթացքում Սիրիայ կառավարությունը տարբեր օժանդակություններ է ցուցաբերել, ինչպես 1988 թ.ի երկրաշարժի աղետի ժամանակ ցուցաբերած օգնությունը: Փոխադարձաբար Հայաստանի իրար հաջորդող կառավարությունները քաղաքական միևնույն կեցվածքը որդեգրելով՝ սատարեցին Սիրիայի կառավարությանը: Նրանք դատապարտեցին զինյալ ահաբեկչական շարժումների գործունեությունը Սիրիայում և օգնություն ցուցաբերեցին Սիրիայի կառավարությանը:
Դեսպանը եզրակացուց, որ քաղաքական առումով ուժեղ են յարաբերութիւնները երկու երկիրներուն միջև, իսկ միջազգային հարթակի վրայ Հայաստանն ու Սիրիան քանի մը ընդհանուր խնդիրներու ուղղութեամբ զիրար կը սատարեն: Ան Լուսարձակի տակ առնելով Հալէպի մէջ ՀՀ մարդասիրական խումբի սակրաւորներուն և բժիշկներուն կողմէ իրականացուած ականազերծման և բժշկական ծառայութիւնները արտայայտուեցաւ, որ Դամասկոսը միշտ ողջունած է օգնութեան այդ ծրագիրը:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմ - Երկու երկրների հարաբերությունները եղբայրական են, հետևաբար եղբայրները միշտ իրար օգնում են տագնապների ժամանակ: ՀՀ մարդասիրական խումբը շուրջ երկու տարի է իր առաքելությունն է իրականացնում Հալեպում: Այն կարևոր դերակատարություն է ստանձնել ականազերծման աշխատանքներում, և այս օգնությունը Սիրիայի և՛ ժողովրդի և՛ կառավարության կողմից բարձր է գնահատվում: Հուսանք, որ այս որակի համագործակցությունն առաջիկայում կմեկնարկի նաև այլ բնագավառներում:
Հայաստան-Սուրիա յարաբերութիւններու զարգմացման բնագաւառներուն առնչութեամբ դեսպանէն տեղեկացանք, որ յառաջիկային երկու երկիրներու միջև համագործակցութիւնը պիտի ընդգրկէ կրթական, մարզական, գիււղատնտեսական, և մանաւանդ տնտեսական բնագաւառը:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմ - Բնականաբար միայն քաղաքական հարաբերությունները բավարար չեն, այլ անհրաժեշտ են տնտեսական հարաբերություններ, որոնք մեծապես տուժեցին Սիրիայի ճգնաժամի պատճառով: Սակայն, Փառք Աստծո, այսօր իրավիճակը բարելավել է՝ շնորհիվ Սիրիայի բանակի, ժողովրդի և ղեկավարության հաստատակամության: Արդեն վերաբացվեց Հալեպի օդանավակայանը, և վերսկսվեցին Երևան-Հալեպ թռիչքները: Հալեպը Սիրիայի առևտրատնտեսական կենտրոնն է: Նախկինում երկու երկրների միջև առևտրային ակտիվ գործունեությունը ծավալվում էր Հալեպի օդանավակայանի միջոցով: Ցանկանում ենք, որ այս թռիչքները բարի նախասկիզբ համարվեն օդային ապրանքափոխադրման ծրագրերի համար, ինչը կարող է նպաստել Սիրիայի առևտրային գործունեության ակտիվացմանը: Հույս ունեմ նաև, որ երկու երկրների միջև համաձայնագրերը մոտ ապագայում նոր թափ կստանան:
Նկատառելով, որ Սուրիան թևակոխած է վերականգնման բարդ, բայց նաև պատասխանատու փուլ տեղացիներուն նամանաւանդ սուրիահայերուն համար հետաքրքրիր էր իմանալ, որ այս գործընթացին մէջ Հայաստանը և հայաստանեան ընկերութիւնները ի՞նչ դերակատարութիւն կրնան ստանձնել:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմ - Հույս ունենք, որ հայերը մեծ դերակատարություն կունենան Սիրիայի վերականգնման աշխատանքների մեջ: Նշեմ, որ հայկական զանազան ընկերություններ ցանկանում են մասնակցել Սիրիայի վերականգնման ծրագրերին և Հայաստանի կառավարությունը սատարում, քաջալերում է նրանց այս մոտեցումը: Կան օրենսդրական ձևակերպումներ, որոնք պետք է համաձայնությամբ կատարվեն, որպեսզի երկկողմանի այս ցանկությունը իրականություն դառնա:
Չորս տարի Հայաստանի մէջ ապրելով Սուրիոյ դեսպանը մեծապէս դրական տպաւորութիւն գծագրած էք հայուն նկատմամբ:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմ - Հայը, Սիրիայում, թե այլուր, իր գործի, իր պայմանավորվածություններում ու իր արտադրանքում առանձնանում է ցուցաբերած ճշգրտությամբ ու բծախնդրությամբ: Հայ ասելով՝ հասկանում ենք ստեղծագործություն և յուրահատկութիւն:
Դեսպանը Հալէպ գտնուած ժամանակամիջոցին այցելեց Բերիոյ Հայոց Թեմի ազգային առաջնորդարան, Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի և հայկական քանի մը վարժարան: