Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման առարկան դարձյալ Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ստեղծելու հարցն էր: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագծով այս անգամ առաջարկվում է ունենալ ոչ թե առանձին հանձնաժողով, այլ վերանվանել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ավելացնելով «Արցախի հարցերի» բառերը:
Աղվան Վարդանյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի, Հայաստանի շուրջ, մենք պետք է կարողանանք, իբրև խորհրդարանական երկիր, մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախին առնչվող հարցերը ներառել:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց՝ նախագծի ընդունումը նպատակահարմար չէ, քանի որ գործում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը:
Վլադիմիր Վարդանյան, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Դիվանագիտական հարաբերություններում կա մի արտահայտություն, որն անվանում են հարաբերությունների մակարդակի իջեցում, որը դիտարկվում է որպես երկրների միջև հարաբերությունների սառեցմանն ուղղված քաղաքականություն: Այս նախագծով առաջարկվում է որոշակի առումով լիազորությունների այն մեծ մասը, որը միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա վերապահված է արդյունավետ գործող ձևաչափին, որը նախագահում են ԱԺ նախագահները, իջեցնել սովորական պրոֆիլային հանձնաժողովի մակարդակի:
Վլադիմիր Վարդանյանը ներկայացված նախագծի բովանդակությունը համարեց նաև առավելապես ներպետական սպառման՝ հիշեցնելով միջազգային ասպարեզում Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի մասին:
Վլադիմիր Վարդանյան - Մենք համարում ենք, որ Արցախյան հակամարտությունը փակ չէ, որովհետև կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ ԵԱՀԿ ՄԽ-ն, որի շրջանակներում աշխատանքներ պետք է տարվեն այնքան ժամանակ, մինչև այդ հարցի քաղաքական լուծումը տեղի չունենա:
Շուրջ մեկուկես ժամ տևած քննարկումից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» հայտնեց՝ ձեռնպահ կքվեարկեն՝ հաշվի առնելով հանձնաժողովի ստեղծման բոլոր բացասական հետևանքները: Խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանն էլ նկատեց՝ երկարատև նիստի փոխարեն կարելի էր որևէ լավ քայլ անել Արցախի համար:
Վիգեն Խաչատրյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Արցախի հարցում ընդդիմության վարքագիծը պետք է հետևյալը լինի՝ պահանջել լուծում և, եթե դրան չի հասնում, չրհապարակել: Սա այդ հարցը չէ, այնքան հարցեր կան՝ ցույց տալու, թե ով է լավ, ով է վատ: Բայց այս հարցում, եթե մենք իրոք ուզում էին ազդակ ունենալ, այս քայլին չպետք է գնայինք, եթե վստահ չէինք, որ կստացվի: Այո՛, հիմա ազդակ է գնալու, որ այսպիսի լավ բան կար Արցախի համար, բայց գործող իշխանությունը չուզեց: Ինչ ենք շահելու սրանից, որ մենք լավ ընդդիմություն ենք, իշխանությունը վա՞տն է, երբեք:
4 կողմ և 7 ձեռնպահ. «Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը լիագումար նիստերի օրակարգում կմտնի բացասական եզրակացությամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան