Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին միջանկյալ միջոց է ընդունել՝ ժամանակավոր արգելք սահմանելով Լիտվայից Աֆղանստանի հինգ քաղաքացիների վտարման հետ կապված:
Ըստ դատարանի հաղորդագրության՝ ժամանակավոր պաշտպանության միջոցները գործում են մինչև սեպտեմբերի 29-ը: ՄԻԵԴ դիմած Աֆղանստանի քաղաքացիները օգոստոսին ժամանել են Բելառուս, որտեղից փորձել են հասնել Լիտվա՝ ձգտելով քաղաքական ապաստան ստանալ այնտեղ:
Ներգաղթյալները պնդում են, որ փախել են Աֆղանստանում վերահսկողություն հաստատած թալիբների հետապնդումից:
ՄԻԵԴ-ը նշում է նաև, որ միգրանտները մի քանի անգամ չեն կարողացել հասնել Լիտվա, վերադարձվել են Բելառուս, մնացել են սահմանին և, վերջապես, սեպտեմբերի 5-ից մուտք են գործել մերձբալթյան այդ երկրի տարածք:
Ըստ լիտվական կողմի՝ միայն այս տարի Բելառուսի տարածքից Լիտվա է մուտք գործել ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ: