Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածն ադրբեջանցիները փակել են՝ որպես պատճառ բերելով, թե գիշերը միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին: Խորհրդարանում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվանից Սյունիքում ստեղծված իրավիճակին:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Պաշտոնապես ասում ենք, որ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում՝ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք, հասկանանք, թե ինչ է:
Ադրբեջանցիները փակել են այն հատվածները, որոնք Խորհրդային Միության քարտեզներով դուրս են եղել Խորհրդային Հայաստանի տարածքից՝ բացատրեց կառավարության ղեկավարը, պնդեց՝ տեղի ունեցածը հակասում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռ դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությանը: Ու որպեսզի վիճարկելի՝ 21 կմ հատվածին այլընտրանք լինի, ըստ Փաշինյանի, այժմ ակտիվ ասֆալտապատվում է Կապան-Աղվանի ճանապարհը:
Չնայած ներքին ու արտաքին սադրանքներին՝ Հայաստանը չպետք է շեղվի իր ռազմավարական գծից՝ հայտարարեց երկրի ղեկավարը, հստակեցրեց՝ բոլոր միջոցները ձեռնարկելով՝ պետք է պահպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Նիկոլ Փաշինյան - Պետք է հստակ արձանագրենք, որ առաջ ենք գնում խաղաղության օրակարգով: Այո՛, մենք հստակ պետք է արձանագրենք, որ մեր Զինված ուժերը բարեփոխում ենք ոչ թե տարածքներ նվաճելու, այլ, ինչպես խաղաղասեր ցանկացած պետություն, իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար:
Երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, բայց այդ մարտահրավերները բացառապես արտաքին են՝ նորից շեշտեց Փաշինյանը: Ըստ նրա՝ խորհրդարանում ներկա որոշ ուժեր փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող օրակարգ է:
Մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերներն այսօր ավելին են և 2018 թվականից է այդպես եղել՝ նշեց Փաշինյանն ու հիշեցրեց 2018-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որում այն ժամանակ վարչապետի թեկնածուն նշել էր բանակցային գործընթացի կանգնած լինելու մասին:
Փաշինյանն անդրադարձավ նաև սև-սպիտակի բաժանելու մեղադրանքներին ու այս ֆոնին նախկին փոխվարչապետ, հիմա արդեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի երեկվա ելույթին: Նա մեջբերել էր Համաշխարհային բանկի հետազոտությունը, ըստ որի՝ 2019-ի դրությամբ երկրում կրթական աղքատությունը կազմում է 30 տոկոս, կրտսեր դպրոցական տարիքի երեխաների 7 տոկոսը չի հաճախում դպրոց, կրթություն չի ստանում, մինչև 10 տարեկան դպրոցականների 35 տոկոսն էլ չի տիրապետում ընթերցանության կանոններին:
Կառավարության ղեկավարը խոսեց նաև ընտրության արդյունքներից, նկատեց՝ ոչ մեկ չի ասել, որ դրանք կեղծված են, իսկ Սահմանադրական դատարան, ըստ Փաշինյանի, ընդդիմադիրները դիմել են մի պատճառով:
Նիկոլ Փաշինյան - Որովհետև 2018 թվականին ասել եմ՝ առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել: Մտածել են՝ դիմենք, որ չասի՝ չեն վիճարկվել:
Գործադիրի ղեկավարի գնահատմամբ՝ 5-ամյա ծրագրի մասին ընդամենը մեկ առարկայական քննադատություն է հնչել, բայց սխալ է մեկնաբանվել այն հատվածը, որը վերաբերում է ներքին անվտանգության կարևոր գործոններին: Իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, ըստ ծրագրի, պետք է ապահովվեն անկախ դատական համակարգի, դատախազության, արդյունավետ նախաքննության, արհեստվարժ ոստիկանության միջոցով:
Կառավարության համար առաջնային է Հայաստանի կայուն զարգացումը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը և քաղաքացիների երջանկությունը՝ շեշտեց վարչապետը: Սա իրագործելու համար, Փաշինյանի կարծիքով, պետք է ձևավորվի ատելության խոսքից ու վիրավորական խոսույթից զերծ միջավայր:
Պատրաստ ենք լինել գործակցային, բայց չենք կարող թույլ տալ անարգել ժողովրդի կողմից տրված մանդատը՝ եզրափակեց Փաշինյանը: