Խստորեն դատապարտում եմ այն բռնությունը, որ տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բռնությունն արդարացում չունի և անընդունելի է: Ազգային ժողովն այն տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի»,- ասաց Սիմոնյանը:
Նա անդրադարձավ նաև լրագրողների հետ կապված միջադեպին:
«Շատ տարբեր իրավիճակներ, որոնց մենք ականատես ենք եղել, հիմա քննարկման առարկա են դարձել: Որոշակի լուծումներ ենք գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար: Օրինակ՝ ես համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը:
Եվ ես քննարկել եմ գործընկերներիս հետ, և ամենայն հավանականությամբ, Աստված մի արասցե, եթե նման իրավիճակ կրկին լինի, մենք որևիցե ձևով լրագրողներին այնտեղից պետք է չհանենք: Չնայած բնական է, կա մտավախություն, որ կարող է անվտանգության ինչ-որ բան սպառնա:
Հետո կա կարծիք, որ ճիշտ չէ, որ պատգամավորների կամ որևէ մեկի լուսանկարը կամ տեսանյութը մի վիճակում, որտեղ իրեն հարվածում են, կամ ինքը գետնին է ընկնում, դուրս գա եթեր»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, և ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է:
Միևնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ միջազգային պրակտիկայում սովորաբար նման դեպքերում կադրը փոխում են՝ հարգելով անձանց արժանապատվությունն ու բարի համբավը:
Եզրափակելով խոսքը՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ամենակարևորը դեպքերի կրկնությունից խուսափելն է: