Արդեն երկրորդ անգամ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ: Վերջին անգամ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 103 պատգամավոր: Քվեատուփում առկա 103 քվեաթերթիկից անվավեր էին ճանաչվել 5-ը: Կողմ էր քվեարկել 49, դեմ՝ 49 պատգամավոր: ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը խնդրի հանգուցալուծման երկու տարբերակ առաջարկեց:
«Իրավիճակը պարզ է. հաշվի առնելով, որ առանց մեծամասնության ընտրության չի կարող ընտրվել ընդդիմության ներկայացուցիչը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ապահովել քվեների այն նվազագույն շեմը, որ ընդդիմության թեկնածուն ընտրվի: Բոլորս ընդունում ենք, որ այդ տեղը պատկանում է ընդդիմությանը, և այստեղ բացարձակ կապ չունի՝ դա Իշխան Սաղաթելյանն է, թե ընդդիմությունից ցանկացած այլ անձ: Բայց իրավիճակն այն է, որ արդեն երկրորդ անգամ պարոն Սաղաթելյանը չի ընտրվում: Կարո՞ղ եք բացատրել՝ մեր մեղքը որն է»,- ասաց Ռուբինյանը:
Նա նշեց, որ իշխող խմբակցության կողմից երկու առաջարկ է արվել իրավիճակից դուրս գալու համար:
«Մենք լուծման ճանապարհներ ենք առաջարկում՝ դուք մի՛ մասնակցեք, մենք մասնակցենք, եկեք քաղաքական դիրքորոշում արտահայտեք, ասեք՝ հարգելի՛ «Քաղաքացիական պայմանագիր», ապահովե՛ք ավելի շատ քվեներ, քանի որ մենք այնքան էլ վստահ չենք ընդդիմության բոլոր ներկայացուցիչների քվեարկության վրա: Երբեք չեմ մտածել, որ նման բան կասեմ, բայց ես արդեն երկու անգամ ընտրել եմ Իշխան Սաղաթելյանին: Եթե ես կարողացել եմ անել, ուրեմն կարող եք նաև դուք»,- ասաց Ռուբինյանը: