Նոր ուսումնական տարում 44-օրյա պատերազմի մասնակից կամ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն պետության ֆինանսական աջակցությունից: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության հեղինակած նախագիծը:
Լուսինե Գրիգորյան (ԿԳՄՍՆ բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ) - Օրենքով ենք ամրագրել, որպեսզի լրացուցիչ երաշխիքներ ունենան այդ կատեգորիայի սովորողները, որ պետությունը մինչ ուսումնառության ավարտը աջակցելու է, փոխհատուցելու է իրենց ուսման վարձը:
Կառավարության նախորդ նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ սովորողների այս խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության և 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքներով:
Սերոբ Խաչատրյան (կրթության ոլորտի փորձագետ) - Իհարկե, այս որոշումը միանշանակ դրական է, որովհետև եթե կա այդ հնարավորությունը, այս խմբին պետք է աջակցել, որովհետև մարդիկ իրենց կյանքն են վտանգել, հոգեբանական, ֆիզիկական վնասվածքներ են ստացել, և անշուշտ պետությունը պետք է հոգատար լինի:
Ինչ վերաբերում է երկու և ավելի երեխա ունեցողներին, ապա նրանց պետության կողմից ֆինանսական օգնություն ստացող ուսանողների շարքում ընդգրկելն էլ ուղղված է երիտասարդ ծնողներին մասնագիտական կրթության հարցում աջակցելուն:
Սերոբ Խաչատրյան - Սա էլ կարևոր է, ինչո՞ւ, որովհետև Հայաստանում, ցավոք, մեծահասակները քիչ են սովորում: Մեր համալսարաններում դեռևս ուսանողները հիմնականում 18-20 տարեկաններն են, շատ-շատ քիչ մարդիկ, որոնք 30, 40, 50, 60, ինչու չէ՝ 70 տարեկան են և սովորում են: Մինչդեռ հիմա մենք պետք է խրախուսենք այն մշակույթը, որ մարդը ցանկացած տարիքում կարող է սովորել:
Սովորողների առաջադիմությունը կարևորելու նպատակով կսահմանվեն առաջադիմության որոշակի շեմեր, հաշվի կառնվի միջին որակական գնահատականը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ պահանջները կլինեն խիստ, բայց իրատեսական:
Վահրամ Դումանյան (ԿԳՄՍ նախարար) - Ներկայումս առաջադիմության շեմի քննարկվող տարբերակներից է ՄԿՈՒ համակարգում՝ 60%, բակալավրիատում՝ 70%, մագիստրատուրայում՝ 80%:
Նախատեսվում է, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000, 2022 թ.՝ 6800, 2023 թ.՝ 6000, 2024 թ.՝ 4600 ուսանող: