Հայաստանում Էլեկտրական մեքենաների համար նախատեսված ենթակառուցվածքները տարեցտարի էլ ավելի են զարգանում: Այսօր արդեն ոչ միայն խնդիր չէ նորոգման և սպասարկման կետ գտնելը, նաև բավարար քանակությամբ լիցքավորման կայաններ կարելի է գտնել Հայաստանի ամբողջ տարածքում: Վրաստանի հետ համեմատ, որտեղ լիցքավորման կայանները տեղակայված են հիմնականում խոշոր քաղաքներում, մեզ մոտ հնարավոր է մեքենան լիցքավորել, օրինակ՝ հյուսիսային՝ Պտղավան համայնքում կամ հարավային՝ «Տաթևեր» ճոպանուղու մոտակայքում: Գործող 3 տասնյակից ավելի լիցքավորման կայաններից 25-ը տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի Plug ծրագրի շրջանակներում:
Առաջիկայում կայանները 15-ով կավելանան: Նախաձեռնողը Ուկրաինայի հայերի միությունն է: Ավելացել է նաև էլեկտրական շարժիչով մեքենաների քանակը: Օրինակ՝ եթե 2015 թվականին Հայաստան է ներմուծվել 1, իսկ 2018 թ.՝ 33, ապա 2020 թվականին արդեն՝ 354 էլեկտրոմոբիլ:
2 տարի է՝ Արտակը բենզինի շարժիչով մեքենան փոխարինել է էլեկտրականով: Մի շարք առավելություններ է նշում՝ ծախսերի խնայումից մինչև մաքուր էկոլոգիա:
Արտակն ասում է՝ խնդիրը միայն գույքահարկն ու բնապահպանական վճարներն են։ Նրա կարծիքով՝ հարկավոր է վերանայել նաև այդ հարկատեսակները։
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին Հայաստան է ներմուծվել մոտ 600 էլեկտրական մեքենա։ Ներմուծման աճին նպաստել է Եվրասիական տնտեսական միության միասնական անվանացանկի որոշմամբ տրված արտոնությունը, ըստ որի՝ զրոյական դրույքաչափ է սահմանվել էլեկտրական մեքենաների ներմուծման համար: Սակայն զրոյական դրույքաչափը գործելու է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Մաքսատուրքի կիրառման դեպքում կբարձրանա էլեկտրական շարժիչով ներմուծված մեքենաների գինը, ասում է Plug ծրագրի ղեկավարը:
Plug ծրագրի ղեկավար Կարեն Դերձյանն ասում է՝ այժմ աշխատանքներ են տարվում զրոյական դրույքաչափի արտոնությունը ևս երկու տարով երկարաձգելու ուղղությամբ, և հուսով է՝ խնդիրը դրական լուծում կստանա:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան