2021 թ. հուլիսի 17-24-ը Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Առարկայական ստուգատեսը, որը կայացել է երկու փուլով՝ փորձնական և տեսական, կազմակերպել էր Լիտվան (ք․ Վիլնյուս):
Օլիմպիադային մասնակցել է 76 երկրի շուրջ 400 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացել է 4 աշակերտով, որոնք սովորում են 12-րդ դասարանում. Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից՝ Արտաշես Գյոլեցյանը, Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը, «Քվանտ» վարժարանից՝ Դավիթ Գյուլամիրյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան դպրոցի ուսուցիչներ Մեխակ Հայրապետյանը և Բիլոր Կուրղինյանը։ Օլիմպիադայի արդյունքներով՝ Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների։
Ոսկե մեդալ է ստացել Արտաշես Գյոլեցյանը, արծաթե մեդալ՝ Դավիթ Գյուլամիրյանը, բրոնզե մեդալներ՝ Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը:
Ֆիզիկա առարկայի 50-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 5 բրոնզե մեդալի։