Վերջին մի քանի տարում միջավայրը և ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը պատկառելի արդյունքներ է գրացնել: Նշված է ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած «2021 թ․ ներդրումային միջավայրի մասին հայտարարությունների» Հայաստանին վերաբերող բաժնում: Այն արձանագրում է, որ Հայաստանում ներկայացված են ամերիկյան խոշոր ներդրումային նախագծեր, որոնցից առանձնացվում են ՔոնթուրԳլոբալի կողմից Որոտանի հիդրոէլեկտրակայանի կասկադի ձեռքբերումը և հանքարդյունաբերության ոլորտում Լիդիան ընկերության գործունեությունը:
«Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ ունի: Երկրի իրավական կարգավորումները և կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն գրավել ներդրումներ, բայց ներդրումային կլիման զերծ չէ մարտահրավերներից: Խոչընդոտների թվում են Հայաստանի փոքր շուկան, աշխարհագրական հարաբերական մեկուսացումը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով, օրենքի գերակայության և դատական համակարգում թերությունները և ժառանգած կոռուպցիան»:
Նկարագրելով Հայաստանի տնտեսական հնարավորությունները՝ ԱՄՆ պետքարտուղարութունն առանձնացնում է ԱՄՆ հետ Հայաստանի ստորագրած Առևտրային և ներդրումային շրջանակային համաձայնագիրը, ԵԱՏՄ անդամակցությունը, ինչպես նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Նշված է նաև, որ 2020 թ․ COVID-19-ի համավարակը և ռազմական գործողությունները որոշ չափով ազդել են Հայաստանի տնտեսական աճի և ներդրումային պրոֆիլի վրա:
«Հայաստանում չկան սահմանափակումներ՝ օտարերկրացիների կողմից բիզնեսի ստեղծման, ձեռքբերման, վարման հետ կապված: Բիզնեսի գրանցման գործընթացը պարզեցված է: Օտարերկրյա ընկերությունների կարծիքով՝ այս ոլորտում կանոնակարգերը, քաղաքականությունը և օրենսդրությունը երբեմն խաթարվում են այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են դատական ոլորտում անկախության, կարողությունների և պրոֆեսիոնալիզմի պակասը»:
Հայաստանը չի սահմանափակում նաև փողի փոխանցումները կամ կապիտալի վերադարձը: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Հայաստանում բանկային համակարգը կայուն է և լավ կարգավորված: Ինչ վերաբերում է ֆինանսական ոլորտին, այն բավարար զարգացած չէ: ԱՄՆ-Հայաստան երկկողմանի ներդրումային դաշնագիրն ամերիկացի ներդրողներին պաշտպանելու տարբեր մեխանիզմներ է առաջարկում: Չնայած Հայաստանի օրենսդրությունն ապահովում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, դրա ապահովմանն ուղղված ջանքերը և դատարան դիմելու ընթացակարգերը կարիք ունեն բարելավման՝ նշված է տարեկան զեկույցում:
«2018-ի դեկտեմբերի խորհրդարանի ընտրությունը հանգեցրեց նրան, որ բազմաթիվ պատգամավորներ, որ մեծ ընկերություններ ունեին և մեծ ազդեցություն տնտեսության վրա, դուրս մնացին խորհրդարանից: Համակարգված կոռուպցիան վերացնելու համար շարունակվում է հակակոռուպցիոն արշավը: Մեծ հաշվով Հայաստանում բարելավվում է մրցակցային միջավայրը, բայց գործող բիզնեսները հայտնում են, որ անհրաժեշտ կլինեն իրավական, հարկային, կրթական, առողջապահական, ռազմական համակարգերի բարեփոխումներ՝ այս ձեռքբերումներն ամրապնդելու համար»:
Չնայած որոշ ոլորտների բարելավումը մեծացրել է Հայաստանի գրավչությունը՝ որպես ներդրումային ուղղություն, առկա են որոշ մտահոգություններ և դրանք պետք է վերացվեն՝ թափանցիկ և կանխատեսելի բիզնես միջավայր ստեղծելու համար: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է. եզրակացրել են զեկույցի հեղինակները: