2013 թվականի մարտի 19-ին Ֆրանսիայի սենատորներ, խորհրդարանի պատգամավորներ, քաղաքապետեր և Արցախի ժողովրդի բարեկամ մի շարք ֆրանսիացի քաղաքական գործիչներ միավորվեցին՝ ստեղծելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը։ Այսօր շրջանակում ընդգրկված է 80-ից ավելի ֆրանսիացի քաղաքական գործիչ:
Օրեր առաջ բարեկամության շրջանակի ղեկավար նշանակվեց պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Արդեն երկու տարի բարեկամության շրջանակում ընդգրկված է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոն: Նա և Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի անդամները հանդիպում են ունեցել դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, Ստեֆան Վիսկոնտիի հետ: Քննարկվել է Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած և ներկայումս տարվող աշխատանքը:
Իզաբել Սանտիագո, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր - Դեսպան Վիսկոնտիի հետ հանդիպումը միտում ուներ լույս սփռել Արցախյան պատերազմի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա: Պարոն Վիսկոնտին Ազգային ժողովում ներկայացրեց, թե ինքը՝ որպես Ֆրանսիան ներկայացնող դեսպան, ինչ աշխատանքներ է տարել ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ: Հարկ է նշել, որ պատերազմի օրերին ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ քննադատությունների արժանացավ, այս հանդիպումը լույս սփռեց նաև կոնֆլիկտային հարցերի վրա:
Հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև ռազմագերիների վերադարձի և Բաքվի նախաձեռնած շինծու դատական գործերի հարցերը:
Իզաբել Սանտիագո - Ֆրանսիան բազմիցս պահանջել է, որ Բաքուն անմիջապես վերադարձնի հայ ռազմագերիներին։ Դեսպան Վիսկոնտին մեզ վստահեցրեց, որ դիվանագիտական մեծ աշխատանք է տարվում այդ հարցը ևս լուծելու համար։ Մենք նաև անդրադարձանք Հայաստանի պետական սահմանին տիրող իրավիճակին, բոլորիս դիրքորոշումը հստակ է՝ տարածաշրջանում պետք է պահպանել կայունությունը, քանի որ ցանկացած նման ցնցում, ի վերջո, բերում է աշխարհաքաղաքական աղետի:
Սանտիագոն անդրադարձավ նաև 2019 թվականին՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին տրամադրած տեսահսկման համակարգով հագեցած «AzerSky» արբանյակին: Այն պետք է հետևեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին։
Իզաբել Սանտիագո - Տարօրինակ ձևով մենք տեսանք, որ պատերազմի ժամանակ արբանյակների մի մասն այնպես էր աշխատում, որպեսզի ուսումնասիրի Հայաստանի հետ կապված գործողությունները: ժամանակակից պատերազմներում դրոնների հետ համատեղ օգտագործվում են նաև արբանյակներ, սա մտահոգիչ է, քանի որ երկրները, որոնց դեմ դա կիրառում են, շատ խոցելի են։
Անդրադառնալով Ֆրանսիայի և Ադրբեջանի ռազմական ոլորտի համագործակցությանը՝ Սանտիագոն առաջ է բերում Ադրբեջանի՝ էներգակիր երկիր լինելու և մեծ ֆինանսական ռեսուրսներով օժտված լինելու հանգամանքը: