Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան համար 13 ավագ դպրոցում աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է առարկայական նոր չափորոշիչներին ու ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից դրանք փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ փորձարկվելու է նաև ֆինանսավորման կարգը.
«Փոփոխելով գնահատման ձևերը և տարրական մակարդակում հրաժարվելով միավորային գնահատումից՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայելու ուսուցիչների աշխատանքի կառուցվածքը, դրույքաչափը: Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման ժամանակ կփորձարկվի նաև ֆինանսական բաղադրիչը: Տարրական դասարաններում, որտեղ ոչ միավորային գնահատում է, առաջարկում ենք ուսուցչի աշխատաժամանակի հետևյալ կառուցվածքը՝ շաբաթական 18 դասաժամ և 4 ժամ գնահատման համար, որը վճարվելու է, իսկ միջին և ավագ դպրոցում, որտեղ լինելու է միավորային գնահատում՝ 20 դասաժամ և 2 ժամ գնահատման համար»:
Բացի դրանից, դպրոցները ֆինանսավորվելու են առավելագույն ժամաքանակով, որն ուսումնական հաստատությանը թույլ կտա ֆինանսավորել նաև խմբակները, այդ թվում՝ առողջ ապրելակերպի, մասնագիտական կողմնորոշման: