Ատեստավորման և վերապատրաստումների գործընթացները կազմակերպվում են՝ ի շահ ուսուցիչների: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան համար 13 ավագ դպրոցում կազմակերպված քննարկմանը:
«Կամավոր ատեստավորման հետ կապված ուսուցիչների շրջանում որոշակի անորոշություն կա, անգամ մտահոգություններ են հնչում, որ գործընթացը կարող է հանգեցնել կրճատումների: Վստահեցնում եմ, որ նման բան չկա, մեր նպատակը լավ արդյունքներ գրանցող ուսուցիչներին խրախուսելն է: Միևնույն ժամանակ այն ուսուցիչները, որոնք կտեսնեն՝ մասնագիտական զարգացման կարիք ունեն, կմասնակցեն համապատասխան ծրագրերի»,- փաստել է ԿԳՄՍ փոխնախարարը և հավելել՝ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգումը, և ոչ ավելի ուշ, քան նոյեմբերից ուսուցիչները կստանան հավելավճարներ:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ շուտով ներկայացվելու է հանրակրթության ոլորտի վերապատրաստումների նոր ծրագիրը: Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ վերապատրաստումները պետք է լինեն տարբերակված, քանի որ ուսումնական հաստատություններով, ուսուցչի փորձառությամբ և այլ գործոններով պայմանավորված՝ մեկ ծրագիրը չի կարող բոլորի համար նույնքան արդյունավետ լինել:
«Այս տարի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստման համար երաշխավորվել է 50 կազմակերպություն: Վերապատրաստումներից հետո ուսուցիչներից կստանանք արձագանք, կգնահատենք իրավիճակը, որակը և ըստ այդմ՝ կորոշենք հաջորդ քայլերը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: